Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստանի հայց ամենից շատ ներկայացրել են Իրաքի քաղաքացիները, երկրորդ տեղում Ուկրաինան է. ավելի շատ Ուկրաինայի քաղաքացի գնացել է Հայաստանից, քան եկել․ Նելլի Դավթյան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստանի հայց ամենից շատ ներկայացրել են Իրաքի քաղաքացիները, երկրորդ տեղում Ուկրաինան է.  ավելի շատ Ուկրաինայի քաղաքացի գնացել է Հայաստանից, քան եկել․ Նելլի Դավթյան
Հայաստան
19:00, 15 август 2023
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ապաստանի հայց ամենից շատ ներկայացրել են Իրաքի քաղաքացիները, երկրորդ տեղում Ուկրաինան է։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

«Իրաքի քաղաքացիների կողմից ներկայացվել է ապաստանի 131 հայց, իսկ Ուկրաինայի քաղաքացիների կողմից ներկայացվել է 115 հայց»,- նշեց մեր զրուցակիցը։

Նելլի Դավթյանի խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Ուկրաինայի 22.591 քաղաքացի է մուտք գործել Հայաստան, սակայն 23.245 հոգի էլ դուրս է եկել Հայաստանից. «Այսինքն՝ այս տարի ավելի շատ Ուկրաինայի քաղաքացի գնացել է Հայաստանից, քան եկել»,- ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատուն։

Նելլի Դավթյանը տեղեկացրեց, որ 2022թ. ընթացքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 484 ապաստանի հայց, իսկ այս տարի միայն առաջին կիսամյակում՝ 115 հայց. «Այսինքն՝ այս տարի տեմպն ընկել է։ Անցյալ տարի Ուկրաինայի 289 քաղաքացու տվել ենք փախստականի կարգավիճակ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում Ուկրաինայի քաղաքացիներից 124-ն է ստացել փախստականի կարգավիճակ»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ անցյալ տարվա ընթացքում Ուկրաինայի քաղաքացիների կողմից ապաստանի համար ներկայացված հայցերով քննվող 76 գործ կարճվել է. «Դա նշանակում է, որ կամ դիմողն է ցանկացել հետ վերցնել դիմումը, կամ չի ներկայացել, և դադարեցվել է դիմումի քննությունը, բայց դիմումների մերժում չի եղել։ Այսինքն՝ որ մենք փախստականի կարգավիճակ տրամադրելու համար գործը քննենք, հասցնենք ավարտին ու մերժենք՝ անցյալ տարի նման դեպք չի եղել։ Իսկ այս տարի առաջին կիսամյակում երկու դիմում ենք մերժել, իսկ կարճված գործերի թիվը 41-ն է»։
 
Նշենք, որ միջազգային պաշտպանության կարիք ունեցող այլ երկրների քաղաքացիները Հայաստան ապօրինի կամ օրինական ճանապարհով մուտք գործելիս ունեն հնարավորություն ապաստան հայցելու և փախստականի կարգավիճակ ստանալու։ Դիմումը քննվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Նարա Մարտիրոսյան