Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն իր գործընկերների և դաշնակիցների հետ քննարկում է, թե որն է լավագույն մեխանիզմը ԼՂ-ում միջազգային առաքելության տեղակայման համար. Միլլեր

ԱՄՆ-ն իր գործընկերների և դաշնակիցների հետ քննարկում է, թե որն է լավագույն մեխանիզմը ԼՂ-ում միջազգային առաքելության տեղակայման համար. Միլլեր
Միջազգային
12:14, 29 сентябрь 2023
ԱՄՆ-ը հայտարարել է, որ այնքան «լուրջ» է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու հարցին, որ պետքարտուղար Բլինքենը այդ հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ զրույցում և պահանջել աջակցել միջազգային առաքելությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ կապված է հումանիտար օգնության, տարածաշրջանում հումանիտար կարիքների հետ կապված այլ հարցերի հետ»,- ասել է նա:

Վաշինգտոնն աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե որն է լավագույն մեխանիզմը առաքելությունն իրականացնելու համար, «մենք կարևոր ենք համարում թափանցիկության ապահովումը՝ տեղում կարիքները բավարարելու համար», ասել է նա:

Միլլերը չի բացահայտել մանրամասները՝ հայտարարելով, որ այդ «հարցը քննարկվում է տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ՝ թե ինչ հովանու ներքո է գործարկվելու այս առաքելությունը, ինչ տեսք կունենա, ովքեր են մասնակցելու, ինչ մասշտաբներ կունենա, ինչպիսին կլինեն դրա արդյունքները»:

«Այս բոլոր բաները քննարկման փուլում են, այդ պատճառով ես չեմ ցանկանում որևէ հայտարարություն անել, քանի դեռ չենք պարզել մանրամասները»,- հավելել է նա։