Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա այն է, ինչին Բլինքենը ուղղակիորեն դրդել է Ալիևին». Միլլերը ողջունել է ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը

«Դա այն է, ինչին Բլինքենը ուղղակիորեն դրդել է Ալիևին». Միլլերը ողջունել է ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը
Միջազգային
10:59, 28 сентябрь 2023
ԱՄՆ-ը «ողջունում է» Ադրբեջանի կառավարության մեկնաբանություններն առ այն, որ ինքը բաց է լինելու Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության համար, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Սա այն է, ինչին պետքարտուղար Բլինքենը ուղղակիորեն դրդել է Ալիևին, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան»,- ասել է Միլլերը:

«Մոտակա օրերին մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ հստակ որոշելու, թե ինչ տեսք պետք է ունենա այդ առաքելությունը»,- հավելել է նա:

Միլլերը նաև նշել է, որ USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն այժմ գտնվում են Ադրբեջանում, որտեղ նրանք քննարկում են այն նույն բաները, որոնք պետքարտուղարը բարձրացրել է երեկ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցում։
«Մենք ցանկանում ենք, որ հրադադարը պահպանվի, որպեսզի հումանիտար կարիքները լուծվեն: Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և հումանիտար բեռների ստացման հնարավորությունը։ Եվ դա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն, որը կապահովի հումանիտար կարիքների բավարարումը»,- շարունակել է Միլլերը:

Վերջնարդյունքում, ասել է Միլլերը, Միացյալ Նահանգները ցանկանում է «տեսնել վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ կարելի է հասնել արժանապատիվ և տևական խաղաղության»։

Պատասխանելով խաղաղ բանակցությունների ընթացքին առնչվող հարցին՝ Պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ դա կախված է երկու կողմերից, որոնք ունեն լուրջ տարաձայնություններ: Ուստի իրենք պետք է համաձայնության գան։ «Մենք կարող ենք անել ամեն հնարավորը՝ նրանց մղելու համար»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դերակատարմանը, Միլլերն ասել է, որ «Ռուսաստանն անցյալ շաբաթ արդյունավետ դեր չի խաղացել»: