Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլի հանդիպումը կոնկրետ հրատապ հումանիտար խնդիրների լուծման և ԼՂ հումանիտար օգնություն տրամադրելու հարցով էր․ Պատել

Ստամբուլի հանդիպումը կոնկրետ հրատապ հումանիտար խնդիրների լուծման և ԼՂ հումանիտար օգնություն տրամադրելու հարցով էր․ Պատել
Միջազգային
10:03, 05 октябрь 2023
Վաշինգտոնը ևս հաստատում է՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ չցանկացավ այն գաղտնի հանդիպում անվանել՝ շեշտելով՝ ԱՄՆ-ը բավականին կանոնավոր կերպով շփվում է տարածաշրջանում շահագրգիռ կողմերի հետ։

Պատելը որոշ մանրամասներ ներկայացրեց՝ ասելով, թե Ստամբուլում հավաքվել էին կոնկրետ հրատապ հումանիտար խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն տրամադրելու հարցով։

«Ահա թե ինչի մասին էր այդ հանդիպումը», - ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակը։
Հարցին, թե դա Մինսկի խմբի համանախագահների՞ հանդիպում էր, Պատելը պատասխանել է՝ դա աշխատանքային մակարդակում հանդիպում էր։ Իսկ թե ով էր նախաձեռնող կողմը, պետդեպարտամենտի փոխխոսնակն ասել է՝ չի ցանկանում մանրամասնել ավելին քան ասել է։

Նա վերահաստատել է՝ ԱՄՆ-ը շարունակում է խորապես ներգրավված լինել ու աջակցել կողմերին՝ հասնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։

Հարցին, թե հիասթափեցնո՞ղ չէր, որ հանդիպումից երկու օր հետո դոմինոն սկսեց քանդվել, Պատելը պատասխանել է․ - «Ընդհանուր առմամբ, սա մի իրավիճակ է, որը մեզ շարունակում է խորապես մտահոգել։ Մենք, իհարկե, մտահոգված ենք վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակով, և դա հանգեցրել է ավելի քան 100 հազար հայերի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան փախչելուն, և մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին գետնի վրա։ Իհարկե, մենք առաջվա նման անհանգստացած ենք և շարունակում ենք ուշադիր լինել հումանիտար հետևանքներին։ Ահա և պատճառներից մեկն այդ հանդիպման»։

Politico թերթն էր, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաներին, հայտնել, որ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, գաղտնի բանակցություններ են վարել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Ղարաբաղում նոր սրացումից երկու օր առաջ:

Աղբյուր՝ azatutyun.am