Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը՝ անկախ դրա անցկացման վայրից. Պատելը՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների մասին

Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը՝ անկախ դրա անցկացման վայրից. Պատելը՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների մասին
Միջազգային
10:25, 19 май 2023
Վաշինգտոնն աջակցում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են անցկացվում բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Մենք ողջունում ենք տեղեկություններն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել քննարկումները:
Կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունը հասանելիության սահմաններում է, և որ ուղիղ երկխոսությունը այս խնդիրների լուծման բանալին է: Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք անցկացվում են, որտեղ էլ որ տեղի ունենան՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- հայտարարել է նա։

Պատելն ուղիղ պատասխան չի տվել հարցին, թե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այս հարցի շուրջ ընթանո՞ւմ են արդյոք «կուլիսային բանակցություններ»։

«Չխորանալով դիվանագիտական հարաբերությունների մանրամասների մեջ՝ կարող եմ ասել, որ նույնիսկ հսկայական ճնշման փուլում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները պահպանելու պատճառներից մեկն այն է, որ, իհարկե, մեր երկրների առջև ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ քննարկենք համապատասխան կերպով»,- նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը։