Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը Երևանի և Բաքվի համար ոչ թե միջնորդ է, այլ գործընկեր, և չի պատրաստվում մրցակցել Մոսկվայի հետ. Նեդ Փրայս

Վաշինգտոնը Երևանի և Բաքվի համար ոչ թե միջնորդ է, այլ գործընկեր, և չի պատրաստվում մրցակցել Մոսկվայի հետ. Նեդ Փրայս
Քաղաքականություն
10:57, 07 март 2023
ԱՄՆ-ը մտադիր չէ միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, կողմերը պետք է իրենք լուծեն հարցերը, ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը Երևանի և Բաքվի համար ոչ թե միջնորդ է, այլ գործընկեր։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և՛ խոսքով, և՛ գործով ցույց է տվել, որ կարող է մերձեցնել երկու երկրներին, ինչպես նաև ցույց է տվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթաց գրանցելու պատրաստակամությունն ու ցանկությունը։ 

«Մենք դա անում ենք ոչ թե Մոսկվայի հետ մրցակցելու համար, այլ երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը, որը, ցավոք, շարունակում է մարդկային կյանքեր խլել՝ ինչպես մարտի 5-ին, լուծելու և համաձայնության հասնելու նպատակով: Այստեղ մեզ հետաքրքրում են միայն խաղաղությունն ու անվտանգությունը, և դա բխում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,- ասել է Փրայսը։

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը ցավակցություն է հայտնել մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, իսկ խնդիրների լուծման միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է, երկխոսությունը և դիվանագիտությունը: