Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերջին էսկալացիան խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված առաջընթացը». ԱՄՆ Պետդեպը երկու երկրներին զինված ուժերի հայելային հետքաշման կոչ է արել

«Վերջին էսկալացիան խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված առաջընթացը». ԱՄՆ Պետդեպը երկու երկրներին զինված ուժերի հայելային հետքաշման կոչ է արել
Միջազգային
11:12, 12 май 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում համաձայնել սահմաններից իրենց զինված ուժերի հետքաշմանը։

Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիան։

«Բռնությունը (հայ-ադրբեջանական սահմանին) խաթարում է առաջընթացը, որ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից դեպի կայուն և արժանապատիվ խաղաղության ճանապարհին: Մենք կոչ ենք անում երկու երկրների ղեկավարներին, երբ նրանք հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնել սահմանի երկայնքով իրենց ԶՈՒ-ի հետքաշմանը»,- ասել է Պատելը։ 

Նա հավելել է, որ այս հարցը (զորքերի հայելային հետքաշումը) քննարկվել է մայիսի սկզբին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ բանակցությունների ժամանակ։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնում կայացած բանակցություններին, Պատելը դրանք անվանել է «կարևոր, դրական քայլ»։ Նրա խոսքով՝ կողմերը հնարավորություն են ունեցել քննարկելու մի քանի կարևոր հարցեր, «տեսնելու մյուս կողմի տեսակետը»։
«Մենք հավատում ենք, որ, ինչպես նախկինում, ճանապարհ կա առաջ գնալու: Մենք կարծում ենք, որ այս խնդրի խաղաղ լուծում կա: Ահա թե ինչու մենք, սկսած պետքարտուղարից, շարունակում ենք այդքան խորությամբ զբաղվել այս հարցով: Բայց ես չեմ պատրաստվում առաջ անցնել բանակցություններից»,- նշել է Պատելը՝ պատասխանելով այն հարցին, թե պետքարտուղարը Բրյուսելում նախատեսվող հանդիպումը դիտարկո՞ւմ է որպես «վաշինգտոնյան երկխոսության շարունակություն», թե՞ այն համարում է «առանձին ուղղություն»։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը, որը թերահավատորեն էր վերաբերվել Վաշինգտոնում բանակցությունների արդյունքների վերաբերյալ պետքարտուղարի (Բլինքենի) լավատեսական գնահատականին, Պատելը հայտարարել է, որ «շատ ժամանակ չի ծախսում ռուս գործընկերոջ խոսքերի մասին խորհրդածելու վրա»։

«Սակայն կարող եմ ասել, որ քանի որ դա վերաբերում է շատ կարևոր հարցի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, դա այն է, որով մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել: Մենք համարում ենք, որ այդ բանակցությունները եղել են արդյունավետ և երկխոսությունը շարունակելու հիմք են դրել»,- ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում, որոնք տևել են 4 օր։