Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն

Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
Միջազգային
10:59, 26 апрель 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է իր մտադրությունը՝  «շարունակել ակտիվորեն զբաղվել» ղարաբաղյան հարցով։

«Ավագ խորհրդական Լուի Բոնոն, պետքարտուղարի օգնական Դերեկ Հոգանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զբաղվել այդ հարցով»,- ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«... Դուք գիտեք, որ Հարավային Կովկասում այս հարցը այն է, որն ինքը պետքարտուղար Բլինքենը խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս»,- ասել է նա: 

Կովկասի հարցերով բանակցող Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը անցյալ շաբաթ առանձին այցելություններ էին կատարել տարածաշրջան՝ ընդամենը մի քանի օր առաջ այն բանից, երբ Ադրբեջանը հայտարարեց Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու մասին:

Պատելը հիշեցրել է, որ Պետդեպարտամենտը կիրակի օրը խորը մտահոգություն է հայտնել այդ քայլի կապակցությամբ։ «Անկեղծ ասած, անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ուղղությամբ ջանքերը, և մենք հավատարիմ ենք այն կարծիքին, որ պետք է լինի մարդկանց և բեռների ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով»,- ասել է նա: 

Պատելը ձեռնպահ է մնացել Բաքվում և Երևանում պաշտոնատար անձանց հետ ԱՄՆ դիվանագետների խոսակցությունների բովանդակությունը մեկնաբանելուց։