Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին
Միջազգային
15:21, 10 октябрь 2023
Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», – ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»:

Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում:

«Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», – ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով: