Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակ տունը հաստատել է՝ ամերիկացի նախկին պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել Լավրովի հետ

Սպիտակ տունը հաստատել է՝ ամերիկացի նախկին պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել Լավրովի հետ
Միջազգային
12:02, 07 июль 2023
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին CBS-ին հաստատել է, որ ԱՄՆ մի շարք նախկին պաշտոնյաներ փորձել են Մոսկվայի հետ ոչ պաշտոնական կապ հաստատել։

Քիրբիի խոսքով՝ Սպիտակ տունը տեղյակ է եղել բանակցությունների մասին, սակայն նախագահի վարչակազմի ներկայիս աշխատակիցներից ոչ մեկը չի մասնակցել դրանց։ Նա նաև հավելել է, որ Սպիտակ տունը չի աջակցում նախկին պաշտոնյաների գործողություններին, քանի որ կարծում են, որ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները չի կարելի վարել առանց Ուկրաինայի մասնակցության։

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլին մերձ գտնվող «հայտնի ռուսների», ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պաշտոնյաները փորձել են հիմք ստեղծել ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցությունների համար։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան NBC News-ի տեղեկատվությունը անվանել է «ֆեյք» և «ապատեղեկատվություն»։