Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշելի ներկայությամբ իմ և Ալիևի միջև համաձայնություն է ձեռք բերվել, բայց մինչև էսօր Ադրբեջանի նախագահը 29800 քառ կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել․ Փաշինյան

Միշելի ներկայությամբ իմ և Ալիևի միջև համաձայնություն է ձեռք բերվել, բայց մինչև էսօր Ադրբեջանի նախագահը 29800 քառ կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել․ Փաշինյան
Միջազգային
23:04, 10 октябрь 2023
«ԵԱՀԿ քարտուղարության՝ 2017-ին ընդունած փաստաթուղթը դեռևս 2020 թվականի հրադադարի հաստատումից հետո մեր սահմանագծմամբ զբաղվող պաշտոնյաների սեղանին է, դրանից առաջ էլ սեղանին էր, որովհետև մենք դելիմիտացիայի գործընթաց ունեինք և ունենք Վրաստանի հետ։ Այսինքն՝ դա մի փաստաթուղթ է, որը ձեռնարկ է դելիմիտացիայի գործընթացի մասին, բայց գործընթացը դեռ չի սկսվել, և մենք գտնվում ենք սկզբունքների ճշտգրտման փուլում», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով 2017-ին ընդունված փաստաթղթին, որը ամրագրում է դելիմիտացիայի սկզբունքները, որով նշվում է, որ այդ սկզբունքներից մեկը պետք է լինի նոր էսկալացիաների հնարավորությունը բացառելու մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը հիշեցրեց 2022 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր ելույթը, որտեղ նշել էր, թե պետք է հստակեցնել, թե ի՞նչ է նկատի ունենում Ադրբեջանը, երբ խոսում է ՀՀ տարածքային ամբողջականությունից։

«Նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով նկատի ունեն ոչ թե ՀՀ 29800 քառ կիլոմետրը, այլ ՀՀ տարածքի մի մասը միայն։ Եվ սա է էական և կարևոր, որ մենք անպայման սա ընդգծենք։ Ուզում եմ  շատ կարևոր մի արձանագրում անել՝ այս սկզբունքը 2023 թ մայիսի 14-ին, Բրյուսելում Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իմ և Ադրբեջանի նախագահի կողմից, բայց պրոբլեմը շարունակում է մնալ այն, որ մինչև էսօր Ադրբեջանի նախագահը 29800 քառ կիլոմետր տարածքային մանբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել»,- ասաց վարչապետն ու նշեց, որ ևս մի քննադատություն է հնչում, ինչին ցանկանում է արձագանքել նշելով, որ խոսվում է միակողմանիորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դրվագը։ Վարչապետն ասաց, որ այստեղ միակողմանի ճանաչելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խոսքը պայմանավորվածության մասին է, իսկ 29800-ը և 86600-ը երկվորյակ թվեր են։ «86600-ը ճանաչելու համար պետք է 29800-ը ճանաչել։ Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ն ունի 29800 քառ կիլոմետր տարածք, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ո՛չ, ՀՀ-ն 29800 քառ կիլոմետր չէ։ Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ ՀՀ-ն ավելին է, քան 29800 քառ կիլոմետրը։ Բայց մեր հակառակորդներն էլ են ասում, որ ո՛չ, ՀՀ-ն 29800 քառ կիլոմետր չէ։

Նրանք էլ իրենց հերթին նկատի են ունենում, որ, գուցե, 500 քառ կիլոմետր է։   Նրանք օգտագործում են մեր ընդդիմադիրների ոչը՝ հիմնավորելով, որ Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29800 քառ կիլոմետր չէ։  Եթե նրանք կարդում են մեր ընդդիմադիրների հետագա տեքտը, որտեղ ասվում է, որ ՀՀ-ն ավելին է քան 29800 քառ կիլոմետրը, նրանք դա գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ և Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում և իրենց ագրեսիվ քաղաքականությունը հւմնավորում են նաև դրանով», - ասաց վարչապետը։