Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ պետք է ոչնչացվի. Բայդեն

ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ պետք է ոչնչացվի. Բայդեն
Միջազգային
10:56, 16 октябрь 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, իսկ Գազայի հատվածի իսրայելական օկուպացիան մեծ սխալ կլինի։ Այս մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում։

Զրույցի ընթացքում Բայդենին հարցրել են՝ արդյոք նա աջակցո՞ւմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիային Մերձավոր Արևելքում պատերազմի այս փուլում։ «ՀԱՄԱՍ-ի արմատականները չեն ներկայացնում ամբողջ Պաղեստինի ժողովրդին։ Եվ ես կարծում եմ, որ Իսրայելի կողմից սխալ կլինի Գազան կրկին օկուպացնելը։ Բայց մտնել և այնտեղից դուրս քշել «Հըզբոլլահի» ծայրահեղականներին՝ հյուսիսում և ՀԱՄԱՍ-ին՝ հարավում, անհրաժեշտ է»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Ճշտող հարցին, թե արդյոք Բայդենը կարծում է, որ պետք է ամբողջությամբ ոչնչացնե՞լ ՀԱՄԱՍ-ին, նա հայտարարել է, որ դա անհրաժեշտ է անել։ «Այո, ես այդպես եմ կարծում: Բայց պետք է լինի պաղեստինյան իշխանությունը: Պաղեստինյան պետության գոյության համար ճանապարհ պետք է լինի»,- ասել է նա՝ ՀԱՄԱՍ-ի զինյալներին անվանելով «վախկոտների խումբ», որ թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իսրայելն այժմ պատրաստ չէ գնալ այս ճանապարհով, սակայն հասկանում է, որ պաղեստինյան ժողովրդի զգալի մասը չի կիսում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների և «Հըզբոլլահի» հայացքները, ինչպես նաև կանի ամեն ինչ՝ խուսափելու համար խաղաղ բնակիչների մահից։

Ի պատասխան Բայդենի հայտարարությունների՝ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը CNN-ին ասել է, որ մտադիր չեն օկուպացնել Գազայի հատվածը և չեն ցանկանում կառավարել ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների կյանքը։ Իր հերթին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը ընդունելու համար։