Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Հայաստանի հետ համագործակցության և աջակցության ավելացման հարցերը

Այսօր Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Հայաստանի հետ համագործակցության և աջակցության ավելացման հարցերը
Միջազգային
10:51, 23 октябрь 2023
Եվրամիության ԱԳՆ ղեկավարները այսօր Լյուքսեմբուրգում կանցկացնեն Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Հիմնական թեմաները լինելու են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը։

«Օրակարգի երեք հիմնական կետերն են՝ Իսրայելը և Գազան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում կքննարկվի եվրոպական միջնորդությունը, ինչպես նաև ԵՄ աջակցության ավելացումը և Հայաստանի հետ համագործակցությունը։

Եվրոպացի ներկայացուցիչը նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը քննարկելիս նախարարները կանդրադառնան տարածաշրջանում հետագա էսկալացիայի նախազգուշացման ուղիներին, մարդասիրական օգնությանը, պատանդների ազատ արձակմանը, խաղաղ բնակչության պաշտպանությանը։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա նախարարները մտադիր են խոսել անվտանգության ոլորտում իրենց խոստումների կատարման ընթացքի մասին։ 

Աղբյուրը հավելել է, որ նախարարները նախատեսում են նաև լսել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի զեկույցը Չինաստան կատարած այցի վերաբերյալ և քննարկել Կոսովոյի հարցը։

Ավարտին ԵՄ նախարարների խորհուրդը կմասնակցի Կենտրոնական Ասիայի պետությունների հետ 19-րդ նախարարական հանդիպմանը։