Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ ԱԳՆ ղեկավարները այսօր Բրյուսելում քննարկելու են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

ԵՄ ԱԳՆ ղեկավարները այսօր Բրյուսելում քննարկելու են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Միջազգային
11:01, 20 июль 2023
ԵՄ ԱԳՆ ղեկավարները այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության ու անվտանգության երաշխիքների տրամադրմանը, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։

Հանդիպման առանցքային թեմաները կլինեն Ուկրաինայում հակամարտությունը, անվտանգության երաշխիքներն ու ռազմական օգնությունը Կիևին, ինչպես նաև ԵՄ հարաբերությունները Թուրքիայի և Չինաստանի հետ։ 

«ԱԳՆ խորհրդի նիստը կսկսվի աշխատանքային նախաճաշով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչի մասնակցությամբ: Այնուհետև կսկսվի ԱԳՆ խորհրդի գլխավոր նիստը, որը նվիրված կլինի երեք թեմայի՝ Ուկրաինայում հակամարտությունը, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական ասպեկտը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները»,- հայտնել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ օրվա երկրորդ կեսին ԵՄ ԱԳՆ ղեկավարները մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ հարցերի լայն շրջանակի շուրջ։ Նշվում է, որ Բլինքենի հետ քննարկումների հստակ օրակարգ չկա, սակայն ակնհայտ է, որ կանցկացվի քննարկում Ուկրաինայում հակամարտության և Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ, հավելել է նա։

Նա չի բացառել, որ այդ զրույցի ընթացքում կարող է բարձրացվել նաև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման հարցը և Վիլնյուսում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի արդյունքներով որոշումները։

Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցեր՝ ներառյալ Չինաստանը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ հուլիսի 17-18-ի գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Թունիսը։ 

Տնտեսական անվտանգության հարցը քննարկելիս նախարարները կանդրադառնան երրորդ երկրներից, որոնք «առևտուրն ու տնտեսությունը հնարավոր է օգտագործեն որպես զենք», կախվածությունը նվազեցնելուն։

Աղբյուրը նշում է, որ ԱԳ նախարարները մտադիր են շոշափել նաև Թուրքիայում ընտրությունների արդյունքները։