Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ գործողությունները համահունչ չեն ՀՀ շահերին. կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը կասեցնելու որոշում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերից ելնելով․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ գործողությունները համահունչ չեն ՀՀ շահերին. կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը կասեցնելու որոշում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերից ելնելով․ Նիկոլ Փաշինյան
Միջազգային
17:29, 24 ноябрь 2023
«Ամենամեծ ձեռքբերումը պիտի համարել ՀՀ-ում ժողովրդավարությունը և ՀՀ-ի՝ որպես ժողովրդավարական երկրի իմիջի հաստատումը միջազգային հանրության շրջանում»,- ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է համարում նախորդ տարիների ամենակարևոր ձեռքբերումը։ 

Փաշինյանը նշեց, որ տնտեսական էական աճ կա նաև. «2018 թվականից մինչև հիմա 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, իսկ 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ աճել են 1 մլրդ 900 մլն դոլարով, իսկ 2023 թվականի արդյունքներով 2018 թվականի համեմատ մեր բյուջեի եկամուտները ավելի կլինեն 3 մլրդ դոլարով. սրանք գումարներ են, որ նախկինում չէին մտնում պետական բյուջե, իսկ հիմա մտնում են»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ի հարաբերություններին և հարցին, թե ինչու ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա բավարար կամք ՀՀ-ի համար ճիշտ որոշում ընդունելու համար. «Նույնիսկ այն հայտարարությունները կամ նույնիսկ այն վերապահումները, որոնք մենք հայտարարում ենք, եթե չլիներ քաղաքական կամք, ապա դրանք էլ չէինք անի։ Կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը կասեցնելու որոշում, մենք կողմնորոշվելու ենք ՀՀ-ի պետական շահերից։ Այս պահին մեր արձանագրումները ասում են, որ ՀԱՊԿ-ի դե ֆակտո անգործությունը կամ գործողությունները չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ նրա պարտավորությունները, այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համահունչ չեն ՀՀ-ի շահերին, և մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձևով»։ 

Փաշինյանը հավելեց. «Այնպես չի եղել, որ 2018-2019 թթ.-ին ՀԱՊԿ գործընկերներից ինչ սպառազինություն ուզել ենք, միանշանակ  կարողացել ենք ձեռք բերել։ Մենք նաև փորձել ենք դիվերսիֆիկացնել մեր սպառազինությունների մատակարարումը, բայց քննարկումը տևել է մի քանի րոպեներ, մեզ ասել են՝ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, և մենք չենք կարող ձեզ հետ ռազմատեխնիկական հարաբերությունների մեջ մտնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։