Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
Միջազգային
17:24, 28 февраль 2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:

ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով: