Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է». Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին

«Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է». Պուտինը՝ ԼՂ հակամարտության մասին
Միջազգային
15:44, 15 октябрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և անդրադառնալով Արցախյան խնդրին, նշեց, որ իսկապես վատ է, երբ սուր հակամարտություններ են տեղի ունենում ԱՊՀ անդամ երկրների միջև, «ինչպես դա եղավ, ցավոք, անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում»։

Նա ընդգծեց, որ ԼՂ-ի շուրջ 52.000 փախստականներ վերադարձել են իրենց տները, և հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են, որոնց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում. «Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի»։ 

«Ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,- նշեց Պուտինը։

 Խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրեց ռուսական ասացվածքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։

Պուտինը նաև երախտագիտություն հայտնեց ԱՊՀ իր գործընկերներին՝ հակամարտությունը դադարեցնելու Ռուսաստանի գործողությունները գնահատելու համար:

«Իսկապես, երեք տասնամյակի ընթացքում ԱՊՀ-ն երկար ճանապարհ է անցել, հաստատվել է որպես տարածաշրջանային ինտեգրացիոն հեղինակավոր ասոցիացիա, որի շրջանակներում անդամ երկրները ձգտում են հարաբերություններ կառուցել բարիդրացիության, գործընկերության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը: