Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G7 երկրները հայտարարել են, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրելու Ուկրաինային հասցված ցանկացած վնասի համար

G7 երկրները հայտարարել են, որ ՌԴ-ն պատասխանատվություն է կրելու Ուկրաինային հասցված ցանկացած վնասի համար
Միջազգային
12:54, 28 февраль 2022
Մեծ յոթյակի երկրները (G7) հայտարարել են, որ Ռուսաստանը պատասխանատվություն կկրի ցանկացած վնասի համար, որն իր գործողություններով հասցրել է Ուկրաինային, դրա բնակիչներին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին ու դրանց սեփականությանը:

Այդ մասին ասվում է կիրակի «յոթյակի» արտաքին գործերի նախարարների առցանց հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է News.am-ը:

«Ռուսաստանը պատասխանատվություն կկրի ցանկացած վնասի համար, որը հասցրել է ռազմական ագրեսիայի հետեւանքով Ուկրաինային ու նրա բնակչությանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին եւ դրանց սեփականությանը»,-նշված է տեքստում: Ընդ որում՝ նշվում է, որ G7 երկրները մասնամասն քննարկիել են հետագա վճռական միջոցները Ուկրաինային եւ նրա ժողովրդին աջակցելու հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում եւ կիբերտարածությունը պաշտպանելու հարցերով, ինչպես նաեւ ապատեղեկատվության դեմ պայքարում: «Նրանք [G7-ի արտաքին գործերի նախարարները] պարտավորվել են մեծացնել հումանիտար օգնության ծավալը՝ ըստ կարիքի»,-ընդգծվում է տեքստում:

G7-ը նաեւ չի ճանաչում ստատուս-քվոյի փոփոխությունը, որը տեղի կունենա Ուկրաինայում ՌԴ-ի գործողության արդյունքում: Ընդ որում՝ նշվում է, որ G7-ի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համակարգել իրենց գործողությունները՝ նպատակ ունենալով ապահովել Ռուսաստանի չարդարացված վարքի լայն եւ վճռական միջազգային դատապարտումը»:

«Նախարարները կոչ են արել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին հստակ դիրքորոշում ձեւավորել ռուսական ագրեսիայի նկատմամբ եւ դատապարտել նրա գործողությունները ՄԱԿ-ում, հատկապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում եւ Մարդու իրավունքների խորհրդում»,-ընդգծվում է հայտարարության մեջ:

Նրանք դարձյալ համերաշխություն են հայտնել Ուկրաինայի ժողովրդին: Բացի այդ, «յոթյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները կրկին դատապարտել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններն ու կոչ արել ՌԴ-ին անհապաղ դադարեցնել շարունակվող հարձակումն Ուկրաինայի, նրա քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքի վրա, ինչպես նաեւ անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը: