Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն ի նպաստ է մեր ծրագրերի իրականացմանը՝ Մեղրիի ճանապարհի հետ կապված. Անդրանիկ Քոչարյան

Օրերս Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի և ՌԴ նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իրենք դեմ կլինեն նման որոշմանը։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

«Իրանի հետ սահմանը դա սովորական սահման չի, այդ սահմանով է պայմանավորված նաև մեր հարաբերությունները, նաև անվտանգային հարաբերությունները մեր հարևան պետությունների հետ, առանձնահատուկ՝ ԻԻՀ-ի հետ։ Այնպես որ, Իրանի հոգևոր առաջնորդը հնչեցրել է գեոքաղաքական իրենց պատկերացումները՝ տեղի ունենալիք հնարավոր պրոցեսների մասին և նախօրոք հայտարարվել է, որ իրենք դեմ են, եթե հանկարծ փորձ տեղի ունենա։ Շատ կարևոր հայտարարություն է, որ արել է մեր հարևան պետության հոգևոր առաջնորդը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով նաև այն մասին, որ Թուրիքայում և Ադրբեջանում կրկին ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումները, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ աշխարհն անհանգիստ վիճակում է և հետպատերազմյան իրողությունները մեզ հուշում են, որ բնականաբար այն բոլոր մտահոգությունները, որ մենք ունենք, մեր հակառակորդ կողմը փորձելու է իրականություն դարձնել, ամենակարևորը, որ մենք ունենանք հստակ պատկերացում, թե ինչպես ենք մենք մեզ համար մեր անվտանգային համակարգը դարձնում անխոցելի։

Պատգամավորի խոսքով՝ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը նաև ի նպաստ է մեր ծրագրերի իրականացմանը՝ Մեղրիի ճանապարհի հետ կապված։      

Մեկնաբանելով նաև այն, թե ինչ նպատակով են այս ամսվա ընթացքում Հայաստան այցելել ԱՄՆ  կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարը, ՌԴ արտաքին հետախուզության վարչության ղեկավարը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խոհրդի քարտուղարը, Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Դա պայմանավորված է Կովկասի կարևոր դերակատարման հետ։ Մեր պատմությունը, եթե նայենք, այս տարածաշրջանում անընդհատ մեր խառնարանը եփում է։ Հանգստանում է, ճոճանակը գնում-գալիս է, բայց   ամենակարևորը՝ ՀՀ սահմանների պաշտպանությունը մեր խնդիրն է, իսկ դա կառավարելու համար շատ կարևոր է, որ տարածաշրջանում գեոքաղաքական շահերը բալանսավորված մենք կարողանանք մեր հմտություններն ավելացնենք մեր կառավարման մեջ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադարձ կատարելով նաև հայ-ադրբեջանական սամանին սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ ուղղությամբ հենց հիմա էլ կարևոր աշխատանքներ են տեղի ունենում, ամենակարևոր աշխատանքներն անտեսանելի դաշտում են լինում այս ոլորտում, այս հարցերի շուրջ։

Նա նշեց, որ դա հանրայնացնել չի կարելի, առավելևս, երբ պատերազմի ընթացքում երևաց, թե ինչքան մեծ է գայթակղությունը նաև ԶԼՄ-ների միջոցով, երբ հանրայնացվում էր ամեն ինչ, նույնիսկ՝ անթույլատրելին։

«Եվ դրանով ոնց որ թե աջակցեինք հակառակորդին իրենց գործողությունները պլանավորելու ընթացքում։ Չի կարելի։ Եվ պետք է այս հարցում լինել զսպված, վստահել պետությանը, պետական ինստիտուտներին։ Առավելևս, քաղաքական իշխանությունն իր վստահության քվեն ստացել է, իսկ մնացած հատվածը, որոնք զբաղված են մունդռիկությամբ պետք է այս դաշտում մունդռիկություններ չգեներացնեն, այս դաշտում պետք է համբերատար աջակցեն պետությանը, պետական ինստիտուտներին, որոնք ըստ էության, լուծում են մեր բոլորի, մեր պետության և մեր ժողովրդի անվտանգային խնդիրները ամեն օր»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան