Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-իրանական սահմանի փակման դեմ Իրանի հստակ դիրքորոշումը առաջին հերթին կապված է Իրանի շահերի հետ, այս սահմանը հազարամյակների վաղեմության ճանապարհ է․ Հայկ Սուքիասյան․ տեսանյութ

Երեկ Իրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահը հանդիպել են Իրանի հոգևոր առաջնորդի հետ։ Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարներին էլ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը արգելափակելու քաղաքականություն տարվի, Իրանը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։

Նա նշեց, որ դա հստակ դիրքորոշում է, որն առաջին հերթին կապված է Իրանի շահերի հետ, Իրանի աշխարհաքաղաքական, բայց նաև մշակութային քաղաքակրթական գծի հետ, և այդ իմաստով դա շատ լավ է և մեզ ձեռնտու է, բայց սա կոնկրետ դրսևորում է։
«Մենք տեսնում ենք՝ հիմա աշխարհակարգի փոփոխության եռուն շրջան է, որի հավանաբար հիմնարկեքը դրվել է Արցախի լեռներում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ հիմա պետությունները, ընդհանրապես աշխարհը, նոր անվտանգության փիլիսոփայության որոնումների մեջ է։ Հեղաբեկումների շրջան է։ Ռուսաստանը շատ անհանգիստ է, խրվել է Ուկրաինայում։ Մենք տեսնում ենք, որ արևմուտքը մոբիլիզացել է Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը մեծ հաշվով մեկուսացման ընթացքում գտնվող պետություն է, փորձում է բաց շնչառության համար ուղիներ որոնել՝ դեպքի արևելք սեղմվելով»,-ասաց Հայկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ մեր կապուղիներով՝ Մեղրիով, շատ շահագրգռված է Հնդկաստանը և տեսնում է, որ նաև իշխանությունն է որոշակի քայլեր անում այդ ուղղությամբ, և Սյունիքի կապուղին շատ լավ գրկած պահեց ԱՄՆ-ն, և ենթադրում է, որ սա նաև իշխանության հետ համագործակցության միջոցով է եղել։ Սրանք աշխարհակարգի փոփոխության տեկտոնական շարժեր են։

«Սա շատ բարդ իրադրություն է, որը մեզնից պահանջում է ամուր նյարդեր, բայց ամենակարևորը՝ մեծ խելք, ոչ երբևէ գավառամտություն։ Եվ այստեղ Իրանի գնահատականը չափազանց կարևոր է մեզ համար, ՀՀ իշխանությունները պարտավոր են արժեվորել սա և դրա հիմքի վրա որոնել նաև Իրանի հետ համագործակցության այլ ուղիներ։ Բայց ես Իրանի իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ այդ 1000-ամյա, դարավոր քաղաքակրթական գիծը միայն Մեղրիով չի անցնում, դա մի քիչ էլ Նախիջևանով է անցնում։ Իրենք նաև պետք է անհանգստացած լինեն այդ ուղղությամբ։ Բայց հավանաբար Իրանի հայտարարությունը պատմական ենթատեքստ ունի, որ գիտեք ինչ, մինչև դուք կլինեիք որպես պետություններ, մենք հայերի հետ հազարամյա պատմություն ունենք և սահմաններ ունենք։ Սա նաև մշակութային քաղաքակրթական արժեվորում է», -ասաց Հայկ Սուքիասյանը։   
       
Խոսելով նաև այն մասին, որ Վրաստանում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարաների հանդիպումը, և ուղիղ երկխոսությունը ողջունել են  Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, և ֆրանսիային ԱԳՆ-ն, Հայկ Սուքիասյանն ասաց, որ սա շատ դրական գործընթաց է, իհարկե արդյունքը հետո կերևա, բայց լավ է, որ տարածաշրջանի երեք պետությունները իրար հետ երկխոսության են նստել, որի փորձ երբևեէ չի եղել։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան