Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն կրկնում է Ադրբեջանի զինված ուժերին ուղղված իր կոչը՝ վերադառնալ սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների սկզբից առաջ եղած իրենց ելման դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն կրկնում է Ադրբեջանի զինված ուժերին ուղղված իր կոչը՝ վերադառնալ սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների սկզբից առաջ եղած իրենց ելման դիրքերը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Միջազգային
16:26, 07 октябрь 2022
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացրել ԱՄՆ դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումների շուրջ։ Իր զեկույցում դեսպանը նշում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել համալիր խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու գործում:  

«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ առաջացած խնդիրները լուծելու բանակցությունների սեղանի շուրջ։ Չի լինի տևական խաղաղություն առանց հաշտեցման, և դիվանագիտությունը միակ միջոցն է այս նպատակին հասնելու։ 
Անցյալ հանգստյան օրերին սոցիալական ցանցերում հայտնված սարսափելի տեսանյութը, որը, ըստ ամենայնի, ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառորեն հետաքննվի: Գերիների նկատմամբ ցանկացած չարագործության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է ԱՄՆ դեսպանը։ 

Զեկույցում ընդգծվում է, որ սեպտեմբերի 13-ին և 14-ին, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին հրադադարի վերջին խախտումները խստորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները կրկնում է Ադրբեջանի զինված ուժերին ուղղված իր կոչը՝ վերադառնալ սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների սկզբից առաջ եղած իրենց ելման դիրքերը։ Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, ոչ թե բռնությամբ: 

Միացյալ Նահանգները նաև վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ մեխանիզմների ակտիվացմանը վստահության հաստատման և հակամարտությունների կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ փաստերի որոնման առաքելության ստեղծումը Հայաստանի խնդրանքով։ ԱՄՆ-ը խրախուսում է հետագա առաջընթացը անհետ կորածների խնդրի լուծման և բոլոր մնացած ռազմագերիների վերադարձի գործում։ Միացյալ Նահանգները աջակցում է համալիր խաղաղ գործընթացին և ձգտում է երկկողմ հիմունքով աշխատել այնպիսի մերձ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և այնպիսի միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն: