Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Քոչարյանը, նույնպես պետք է հանրային գնահատական տա իր օգնականի գործողությանը. Այստեղ ակնհայտ է քաղաքական ենթատեքստը

Լևոն Քոչարյանը, նույնպես  պետք է հանրային գնահատական տա իր օգնականի գործողությանը. Այստեղ ակնհայտ է քաղաքական ենթատեքստը
Քաղաքականություն
19:30, 30 апрель 2024
«Վրդովմունքս եմ արտահայտում լրագրողի նկատմամբ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։ Ակնհայտ է կարծիք արտահայտելու իրավունքի նկատմամբ անհանդուրժողականությունը։  Ի վերջո, ցանկացած ոք  իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, և պետք է մեր երկրում նորմ դառնա խոսքին խոսքով պատասխանելը։  Իսկ բռնություն կիրառելը քրեական պատասխանատվության ոլորտ է տանում ցանկացած կոնֆլիկտ, և կարծում եմ, որ այս դեպքը բացառություն չէ»,- civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Լևոնյանի հետ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով. «Վերջին օրերին լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ալիք է բարձրացել, դա, իհարկե, կախված է հասարակական-քաղաքական մթնոլորտի որոշ սրացումից, բայց եթե այսպես՝ տարբեր ճամբարներից  լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվեն, դա նշանակում է, որ առհասարակ կարծիք արտահայտելու իրավունքն է վերջնականապես ոտնահարվելու, առաջանալու է վախի մթնոլորտ,  լրագրողներն էլ  պետք է զգուշանան ցանկացած հրապարակում պատրաստելիս»։ Սա, ըստ Մելիքյանի, անթույլատրելի երևույթ է, և այս ամենի պատճառը նաև այն է, որ բռնությունների դեպքերը, որպես կանոն, անհետևանք են մնում՝ դրանց իրավական գնահատական չի տրվում։ ԽԱՊԿ նախագահը նկատեց, որ նախորդ օրերին լրագրողների նկատմամբ  տեղի ունեցած բռնությունների դեպքերով մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, և civic.am-ի լրագրողի հետ տեղի ունեցած բռնության դեպքը նույնպես լրագրողական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է։ Այս դեպքի վերաբերյալ    առաջիկայում հայտարարություն կհրապարակվի և դիրքորոշում կարտահայտվի։ Ըստ Մելիքյանի. «Ոչ միայն իրավապահ մարմինները պետք է իրենց խոսքն ասեն այս դեպքով, այլև բացատրություն պետք է տա բռնություն կիրառած անձի ղեկավարը՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը, նա պետք է հանրային գնահատական տա իր օգնականի գործողությանը, և, իհարկե, չէր խանգարի, որ «Հայաստան» խմբակցությունը նույնպես իր դիրքորոշումն արտահայտեր։ Չեմ ուզում առայժմ քաղաքական գնահատականներ հնչեցնել և կապել սա քաղաքական հաշվեհարդար երևույթի հետ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ ակնհայտ է քաղաքական ենթատեքստը»։  Ինչ վերաբերում է լրագրողի՝ իր յութուբյան ալիքով արտահայտած մտքերին, ապա, ըստ մեր զրուցակցի, դրան կարելի էր ասելիք ունենալու դեպքում  խոսքով պատասխանել, իրավական գործընթաց սկսել՝ դիմելով դատարան, եթե դրանում զրպարտություն կա։ «Էլ չեմ ասում, որ  կան նաև արտադատական մեխանիզմներ, որոնց մասին, ըստ երևույթին, այդ անձնավորությունը, որը իր ձեռքերին ազատություն է տվել, տեղյակ էլ չէ»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։ 

Նկատենք, որ Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը տարածել էր «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը, որում, մասնավորապես անդրադառնալով Դավիթ Լևոնյանի յութուբյան ալիքում արտահայտված մտքերին,  հեղինակները նշել էին. «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։ 
Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»։  

 Արդյոք այս հայտարարության և այսօր ԱԺ-ում տեղի ունեցած  միջադեպի միջև կապ կա՞, քանի որ լրագրողը թիրախավորվեց նախ Տավուշում  քաղաքական ակցիա իրականացնող հիշյալ նախաձեռնության կողմից, ինչն էլ խթան հանդիսացավ նրա նկատմամբ  հաշվեհարդար տեսնելու (բռնության հեղինակը լրագրողին անվանել է «սրբապիղծ»՝ մեղադրելով  Բագրատ արքեսպիսկոպոս Գալստանյանին վիրավորելու մեջ)։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պրն Մելիքյանն արձագանքեց. «Ենթադրում եմ՝ սա հենց որոշ քաղաքական ենթատեքստի արտացոլում է, որովհետև, մեծ հաշվով, Բագրատ արքեպիսկոպոս  Գալստանյանը կամ էլ Շիրակի թեմի առաջնորդը, սա արդեն իմ կարծիքն է, ակնհայտորեն սպասարկում են որոշակի քաղաքական շահեր։ Եվ այս առումով իրենք իրենց ներքաշել են քաղաքական գործընթացների մեջ՝ որքան էլ որ իրենք հերքեն դա։  Շատերը ընդունում են, շատերը չեն ընդունում նրանց գործողությունները, բայց անձինք, որոնք խառնվում են քաղաքական գործընթացներին, պետք է պատրաստ լինեն բանավեճի, անհամաձայնության և լսելու իրենց մասին տարբեր կարծիքներ։ Բնական է, որ այս ամենը պետք է արվի քաղաքակիրթ եղանակով։  Ճիշտ կլիներ, որ ձեր կողմից վկայակոչված  նախաձեռնության  առաջարկը գործի դրվեր՝ պատասխանատվության կանչվեր կամ մի կողմը, կամ՝ մյուս։  Իհարկե, տհաճ առճակատում է, սակայն այս ամենը չպետք է վերածել ձեռքերին ազատություն տալու, տարատեսակ բռնությունների»։ 

Նկատեցինք նաև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մեկ տարի առաջ այս օրերին բռունցքով հարվածել էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, և նրա դեմ քրեական հետապնդում է իրականացվում, այսօր ԱԺ-ում ի պատասխան լրագրողների հարցի՝ ինչպես կմեկնաբանեք լրագրողի հետ պատահածը, մասնավորապես հայտարարել է. «Ես դեպքի մանրամասները չգիտեմ, բայց միանշանակ ասում եմ՝ լրագրողը, որի հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, լրագրող կոչվելու իրավունք չունի։ Այդ տեսանյութը նայել եմ,  որպես քրիստոնյա հայ՝ ինձ համար անընդունելի է, որ լրագրողի կոչումով մեկը եկեղեցու սրբազանին ամեն որակում տա ու մնա անպատիժ։ Ես միջադեպի մանրամասներից տեղյակ չեմ, բայց արդեն իմանալով՝ ինչի մասին է խոսքը, հասկացա՝ ինչ է կատարվում։ Միանշանակ մի բան եմ ասում, որ մեր պետությունում ձեզ նման լավ լրագրողներ ունենք, ու անորակ մարդիկ չպետք է մտնեն լրագրողական ոլորտ»։  Արձանագրենք, որ ի դեմս ձեռքերին ազատություն տված Մհեր Սահակյանի,  կա լրագրողներին դասակարգող՝ «լավ ու վատ», «որակյալ և անորակ»  բնութագրող, «վատ» լրագրողների նկատմամբ էլ բռնությունն ու ինքնադատաստանն արդարացնող պատգամավոր։ Արձագանքելով մեր դիտարկմանը՝ պրն Մելիքյանն ասաց. «Այո, սա պետք է ֆիքսենք՝ (լրագրողի նկատմամբ բռնության արդարացումը-խմբ.) և նկատենք՝  ստացվում է, որ այդ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ով է լրագրող, ով՝ ոչ, մինչդեռ դա ամենևին էլ իր ֆունկցիաների մեջ չի մտնում։ Նրա իրավասությունը չէ՛ որոշել՝ ով է լրագրող, ով՝ ոչ»։ 

Հեղինե Մանուկյան