Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստորեն գործելաոճը, որը Քոչարյանի ժամանակ կիրառվում էր՝ ԶԼՄ-ներին յուրայինների և օտարների բաժանելով, այսօր էլ նրա և համախոհների կողմից շարունակվում է․ Աշոտ Մելիքյան

Փաստորեն գործելաոճը, որը Քոչարյանի ժամանակ կիրառվում էր՝ ԶԼՄ-ներին յուրայինների և օտարների բաժանելով, այսօր էլ նրա և համախոհների կողմից շարունակվում է․ Աշոտ Մելիքյան
Քաղաքականություն
15:30, 27 декабрь 2021
Civic.am լրատվամիջոցին չեն հավատարմագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին մասնակցելու համար: ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները համակարգողն է, ի պատասխան խմբագրության զանգին՝ ընդգծել է. «Civic.am-ը ՔՊ-ի հարևանությամբ է գործում, այդտեղ աշխատող լրագրողներից Վովան էլ ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, Civic.am-ը լրատվամիջոց չէ, որ հավատարմագրենք»:  

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Civic.am-ի հետ զրույցում, արձագանքելով իրավիճակին, միանշանակ նշեց, որ լրատվամիջոցների նկատմամբ նման մոտեցումը խտրական է: «Փաստորեն գործելաոճը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ կիրառվում էր, այսինքն՝ լրատվամիջոցները բաժանվում էին յուրայինների և օտարների, նույնիսկ ընդդիմադիր լինելու պարագայում, Ռոբերտ Քոչարյանը և իր շուրջը հավաքված քաղաքական գործիչները շարունակում են։ Սա շատ վատ միջադեպ է, մենք միշտ քննադատում ենք իշխանությանը, երբ այդպիսի խտրական մոտեցում է լինում, բայց երբ այդպիսի մոտեցում է ցուցաբերում ընդդիմությունը, դա առհասարակ հասկանալի չէ»,- ասաց Աշոտ Մելիքյանն ու ընդգծեց, որ ընդդիմությունը պետք է ձգտի առավել լայն օգտագործել ցանկացած ուղղվածության լրատվամիջոցների, որպեսզի իր մոտեցումները տարածի հանրության շրջանում:  

«Ես չեմ բացառում, որ սա շարունակությունն է այն գործընթացների, որոնք տեղի ունեցան հետպատերազմյան շրջանում, և այդ ժամանակվանից լրատվամիջոցներն ավելի բևեռացված դարձան: Մասնավոր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը սպասարկում են նախևառաջ քաղաքական շահեր և հետին պլան են մղում հանրային շահը: Եվ այս պարագայում Ագնեսա Խամոյանը, լինելով նախկին լրագրող, այդ քայլով ցույց է տալիս իր քաղաքական ենթատեքստով աշխատելը ոչ միայն հիմա, այլ նաև լրագրող եղած ժամանակ»,- հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: 

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա շուրջը համախմբված քաղաքական գործիչներին, Աշոտ Մելիքյանը տեսակետ հայտնեց, որ եթե նրանք իսկապես ուզում են իրենց քաղաքական գաղափարները լայնորեն տարածվեն, ապա խտրականություն պետք է չդնեն լրատվամիջոցների միջև: «Այս միջադեպը պետք է լուրջ վերլուծության ու գնահատականի արժանանա Քոչարյանի և իրեն շրջապատող գործիչների կողմից»,-ասաց նա: 

Աշոտ Մելիքյանի խոսքով իրենք նույն քննադատական մոտեցումը ցուցաբերում են երբ իշխանական պատգամավորը հրաժարվում է պատասխանել «5-րդ ալիքի» թղթակցի հարցին, քանի որ այդ պարագայում էլ իրենք համարում են, որ խտրական մոտեցում կա. «Եվ այսօրվա կատարվածի լույսի ներքո կարող ենք ասել, որ փոխադարձ անհանդուրժողականությունը և խտրական մոտեցումը դառնում են նորմալ` ինչպես իշխանությունների կողմից ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր ներկայացուցիչների վերաբերմունքը իշխանությանը հարող լրատվամիջոցների նկատմամբ: Եվ սա վատ հետևանքների կարող է բերել: Ես կարծում եմ, որ քաղաքական շրջանակները շատ ավելի հանդուրժող պետք է դառնան լրատվամիջոցների նկատմամբ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մեր լրատվամիջոցի աշխատանքում առաջացած խնդրի առթիվ մենք դիմել ենք նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակին։