Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. Աբդոլլահիան

Առաջիկայում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. Աբդոլլահիան
Միջազգային
21:00, 08 октябрь 2022
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսարանի բացումն իրականացվել է Իրանի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում, Հյուսիս-hարավ տարանցիկ ճանապարհը ամրապնդելու և երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով: Աբդոլլահիանի խոսքով՝ այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-hարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով: «Այս որոշման արդյունքում առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք»,- նշել է նախարարը:

ՊԱՅԹՅՈՒՆ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ. ԿԱ ԵՐԵՔ ԶՈՀ
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 զոհ կա: Մոսկվան Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար արդեն մեղադրել է Կիևին: « Պայթյունը ցույց է տալիս Կիևի ահաբեկչական էությունը: Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ՌԴ Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ կամրջի ավտոմոբիլային հատվածում բեռնատար է պայթեցվել, որը հանգեցրել է դեպի Ղրիմի թերակղզի ընթացող գնացքի վառելիքի յոթ բաքերի բռնկմանը: Դրա պատճառով կամրջի երկու ավտոմոբիլային ճանապարհները մասամբ փլուզվել են»։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ կամրջի վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն այսօր, երբ Քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը ավարտեն իրենց աշխատանքը: Ակսյոնովը վստահեցրել է, որ Ղրիմի Հանրապետությունը լիովին ապահովված է վառելիքով և պարենով։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ արտակարգ պատահարի պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար։ Ղրիմի Պետական խորհրդի խոսնակը կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի համար մեղադրել է ուկրաինական կողմին: Միջադեպից հետո Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը թվիթերի իր էջում գրել է՝ «Ղրիմ, կամուրջ, սկիզբ»: «Անօրինական ամեն բան պետք է ոչնչացվի, յուրաքանչյուր գողացված բան պետք է վերադարձվի Ուկրաինային»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը:

ՌԴ-Ն ՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանն ունի սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն` հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ շեշտելով, որ անհրաժեշտության դեպքում կօգտագործեն դրանք: «Նրանք, ովքեր խոսում են մեզ հետ պատժամիջոցների լեզվով, պետք է հիշեն, որ չնայած մենք բավական զուսպ ենք արձագանքում տնտեսական ագրեսիայի գործողություններին, մեր համբերությունն անսահման չէ»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով՝՝«Ռուսական տնտեսությունը կործանել, ինչպես ցանկանում էր Բարաք Օբաման, չի ստացվել և չի ստացվի»: Լավրովն, անդրադառնալով հանրաքվեների արդյուքններին, նշել է ՝ Ուկրաինայի Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխանության հարցը չի ազդում դրանց՝ ըստ միջազգային իրավունքի որակավորման վրա: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է Կոսովոյի նախադեպը: Հարցազրույցի ընթացքում խոսելով միջուկային զենքի օգտագործման հավանականուոթյնա մասին՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ միջուկային զսպման ռուսական քաղաքականությունը կրում է զուտ պաշտպանական բնույթ, Մոսկվան հավատարիմ է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին «Միջուկային հնգյակի» հայտարարությանը:

ՍԵՐԲԻԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՄՆԱ ՍԵՓԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ. ՎՈՒՉԻՉ
Սերբիայի նախագահ նշել է, թե որքան ժամանակ Սերբիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ: Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ Սերբիայի իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառի Ռուսաստանի դեմ, քանի դեռ կարող են դիմակայել արտաքին ճնշմանն ու կողմնակի վնասներին: Վուչիչը նշել է, որ գործելու են Սերբիայի շահերին համապատասխան և հավատարիմ են մնալու սեփական դիրքորոշմանը: Վուչիչի խոսքով՝ արևմտյան երկրներն առաջարկել են Սերբիային ավելի արագ եվրաինտեգրում, եթե Բելգրադը համաձայնի Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցությանը ՄԱԿ-ին։ Ավելի վաղ, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները պաշտոնական Բելգրադին են հանձնել փաստաթղթի նախագիծ, որը ենթադրում է ինքնահռչակ Կոսովոյի ընդունումը միջազգային կազմակերպություններին, սակայն Ալեքսանդր Վուչիչը մերժել էր առաջարկը:

ԱԷՄԳ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն առաջիկայում ծրագրում է այցելել Ռուսաստան: Կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ մոտ ապագայում կայցելի Ռուսաստան, ապա կմեկնի Ուկրաինա՝ համաձայնեցնելու Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում անվտանգության գոտի ստեղծելու մասին որոշումը: Գործակալության ղեկավարը նշել է, որ այս պահին սա բացարձակ և հրատապ անհրաժեշտություն է:

ՊԵԿԻՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ԹԱՅՎԱՆԻ ԽԱՂԱՂ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՉԺՀ ՀԵՏ
Չինաստանի իշխանությունները մտադիր են ապահովել Թայվան կղզու խաղաղ միավորումը Չինաստանի հետ և վարել «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայտարարությունը՝ կղզին Հոնգկոնգի օրինակով հատուկ վարչական շրջանի վերածելու մասին: «Թայվանի հարցը մեր երկրի ներքաղաքական խնդիրներից է: Չինաստանը վճռական է անջատողականների և արտաքին ուժերի բոլոր փորձերը խանգարելու գործընթացում», հայտարարել է դիվանագետը:

«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Լիվերպուլ քաղաքում՝ հաղորդագրություն է տարածել մրցույթի պաշտոնական կայքը: Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին: «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra-ն` Stefania երգով: Ուկրաինան մրցույթը չի հյուրընկալի՝ երկրում ստեղծված դրության պատճառով: