Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը պետք է կոնկրետ գնահատական տա ռուս գերիներին գնդակահարելու փաստերին, ոչ թե «թաքնվի ընդհանուր արտահայտությունների հետևում». Զախարովա

ՄԱԿ-ը պետք է կոնկրետ գնահատական տա ռուս գերիներին գնդակահարելու փաստերին, ոչ թե «թաքնվի ընդհանուր արտահայտությունների հետևում». Զախարովա
Միջազգային
11:51, 23 ноябрь 2022
ՄԱԿ-ը չպետք է թաքնվի ընդհանուր արտահայտությունների հետևում, այլ պետք է տա օբյեկտիվ գնահատական գերեվարված ռուս զինծառայողներին գնդակահարելու փաստերին, որ իրականացվել է Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այս մասին այսօր իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, պատասխանելով ռուս գերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսանյութի արձագանքի մասին հարցին,  հայտարարել է, որ ՄԱԿ-ը «անհանգստացած է մարդու իրավունքների ցանկացած խախտմամբ՝ անկախ նրանից, թե ով է դրանք կատարում»։   

«Ինձ թվում է՝ ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները պետք է որոշեն՝ կա՛մ մեկ անգամ և ընդմիշտ հայտարարեն, որ կողմ են «ամեն լավին՝ ընդդեմ ամեն վատի», կա՛մ տարբեր իրադարձությունների գնահատականներին մոտենան օբյեկտիվ, անաչառ, համաձայն իրենց ֆունկցիոնալ պարտականությունների և մանդատների,- ասել է Զախարովան։- Տեսեք, օրինակ, Բուչայի իրադարձությունները, դրանց մասին ավելի քան շատ էին խոսում, կոնկրետ էին և նախաձեռնողական։ Այս դեպքում թաքնվում են ընդհանուր արտահայտությունների հետևում՝ խուսափելով փաստերի ցանկացած գնահատականից»։ 

Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել գերեվարված ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարության փաստով, որ իրականացրել էին Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Ինչպես հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գործի հարուցման համար հիմք է դարձել «տեսանյութը, որում ուկրաինական զինված կազմավորումների ներկայացուցիչները գնդակահարում են առնվազն 11 անզեն ռուս զինծառայողների, որոնք գերի են ընկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում»։