Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանն ունի Մոլդովայում և տարածաշրջանում կործանարար ազդեցության վաղեմի պատմություն». Նեդ Փրայս

«Ռուսաստանն ունի Մոլդովայում և տարածաշրջանում կործանարար ազդեցության վաղեմի պատմություն». Նեդ Փրայս
Միջազգային
12:19, 15 февраль 2023
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Մոլդովայի կառավարությանն ապակայունացնելու ռուսական ծրագրերի մասին հաղորդումներով և աջակցություն է հայտնում երկրի ինքնիշխանությանը:
 
«Ռուսաստանն ունի Մոլդովայում և տարածաշրջանում կործանարար ազդեցության վաղեմի պատմություն…»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ի պատասխան TURAN-ի լրագրողի հարցի:

«Մենք սերտորեն համագործակցել ենք Մոլդովայի հետ՝ ամրապնդելու համար նրա քաղաքական կայունությունը և դիմակայելու համար Ռուսաստանի երկարաժամկետ ջանքերին՝ խաթարելու Մոլդովայի ժողովրդավարական ինստիտուտները»,- ասել է նա:

Վաշինգտոնը հաստատապես պաշտպանում է Մոլդովայի ինքնիշխանությունը և նրա տարածքային ամբողջականությունը։ «Ռուսաստանի կողմից Մոլդովայի օդային տարածքի վերջին խախտումները՝ Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնելու նպատակով, անընդունելի ռիսկ է և ցուցադրում է Մոլդովայի ինքնիշխանության նկատմամբ աղաղակող անհարգալից վերաբերմունք»,- ասել է Փրայսը։

«Այս կրիտիկական ժամանակահատվածում մենք սերտ կապ ենք պահպանել մոլդովացի մեր գործընկերների հետ: Մենք վճռականորեն աջակցում ենք Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և հույս ունենք շարունակել համագործակցությունը նոր վարչապետի և կաբինետի հետ այս կառավարության ձևավորումից հետո։

Մենք, ինչպես նախկինում, մտադիր ենք օգնել Մոլդովային իրականացնելու քաղաքական, տնտեսական և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են եվրոպական ապագայի կառուցման համար, որին նա ձգտում է»,- եզրափակել է Նեդ Փրայսը: