Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան պատասխանատու է Իսրայելում բնակելի շենքերի գնդակոծման համար․մարտերն ամբողջ ուժգնությամբ ընթանում են․ Ավիգդոր Էսկին

Թուրքիան պատասխանատու է Իսրայելում բնակելի շենքերի գնդակոծման համար․մարտերն ամբողջ ուժգնությամբ ընթանում են․ Ավիգդոր Էսկին
Միջազգային
13:01, 12 май 2021
Մայիսի 10-ից սկսած Իսրայելի մայրաքաղաքը հրթիռակոծման ենթարկվեց Գազայից՝ պաղեստինյան խմբավորման՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից։ Սակայն այսօր՝ Իսրայելի բանակը հայտարարեց, որ վերացրել է ՀԱՄԱՍ շարժման կարևոր դեմքերին։ 

Civic.am
-ի հետ զրույցում իսրայելցի քաղաքագետ, Երուսաղեմի բնակիչ Ավիգդոր Էսկինը նշեց, որ այս պահին մարտերն ամբողջ ուժգնությամբ ընթանում են։ Նրա խոսքով՝ ահաբեկիչները հարյուրավոր հրթիռներով շարունակում են գնդակոծել հարավում գտնվող Իսրայելի քաղաքներն ու գյուղերը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները․ «Կան զոհեր և հարյուրից ավելի վիրավորներ։

Իսրայելական բանակը պատասխան ավիահարվածներով  ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքներն է վերացնում»,-հավելեց նա:

Մեր հարցին՝ ի՞նչ են ուզում պաղեստինցիները՝ քաղաքագետն ընդգծեց, որ պաղեստինյան իսլամիստական շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը, որը ղեկավարում է Գազայի շրջանը, «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական շարժման պաշտոնական ճյուղն է։ Ավիգդոր Էսկինը շեշտեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Թուրքիայում առաջնորդում է հենց այդ՝ «Մուսուլման եղբայրներ» շարժումը։  

«Մայիս ամսին արաբական ինքնավարության տարածքներում՝ Հրեաստանում, Սամարիայում և Գազայում պետք է անցկացվեին ընտրություններ: Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը չեղյալ հայտարարեց դրանք ՝ վախենալով ՀԱՄԱՍ շարժման ջախջախիչ հաղթանակից»,-նշեց իսրայելցի քաղաքագետն ու հավելեց, որ ի պատասխան այդ քայլի՝ իսլամիստները որոշեցին ցուցադրել իրենց ուժը և փորձեցին հրահրել նոր ինթիֆադա՝ զանգվածային ընդվզում․ «Սակայն նրանց ծրագիրը ձախողվեց. հարյուրավոր արաբ երիտասարդներ տեղի տվեցին Երուսաղեմի փողոցներում ոստիկանների և անցորդների հետ բախումներին՝ քարեր ու հրկիզվող շշեր նետելով նրանց վրա։ Նրանք որոշեցին իրենց կողմնակիցներին ցույց տալ, որ չեն վախենում Իսրայելից, և որ կարող են գնդակոծել Երուսաղեմը և այլ տարածքներ, ինչի արդյունքում կան տուժածներ»:

Մեր դիտարկմանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս բախումներում մեղադրում է Երուսաղեմին, Ձեր տեսանկյունից ու՞մ կողմից են ուղղորդվում պաղեստինցիները՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Մեր արաբ բնակչության արմատականացումը կապված է մի շարք ներքին պատճառների հետ, բայց Թուրքիան այժմ առանձնահատուկ դեր է խաղում։ Էրդողանի կառավարությունը ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում ՀԱՄԱՍ շարժմանը: Սա փաստ է, ոչ թե ենթադրություն: Թուրքիան պատասխանատու է Իսրայելում բնակելի շենքերի գնդակոծման համար: Սա հանցագործություն է մարդկության դեմ»:

Նշենք, որ Ավիգդոր Էսկինի խոսքով՝ Իսրայելում ապրում է մոտ մեկ ու կես միլիոն արաբ։ Շուրջ երկու միլիոն արաբ ապրում է առանձին ղեկավարվող Գազայի հատվածում, և մի քիչ ավելի քիչ թվով արաբ քաղաքացիներ բնակվում են Հրեաստանի և Սամարիայի ինքնավարություններում։

Նարա Մարտիրոսյան