Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկու գրասենյակը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ բանակցությունները Ղրիմի հարցով

Զելենսկու գրասենյակը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ բանակցությունները Ղրիմի հարցով
Միջազգային
10:34, 06 апрель 2023
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ղրիմի վերադարձի պայմանների շուրջ, եթե հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հասնեն մինչև բռնազավթված թերակղզու սահմանները։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։  

«Եթե մարտի դաշտում մեզ հաջողվի հասնել մեր ռազմավարական նպատակներին, և երբ մենք հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք պատրաստ ենք բացել դիվանագիտական էջը քննարկման համար, բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք Ղրիմի ազատագրման տարբերակը ռազմական ճանապարհով»,- ասել է Սիբիգան։

Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկու և նրա վարչակազմի պաշտոնյաների կողմից Ղրիմի շուրջ ծավալված քննարկումներին մասնակցությունը կապված է Ուկրաինայի զինված ուժերի ծրագրված հարձակման հետ։

Պարբերականը նշում է, որ Սիբիգայի խոսքերը դարձել են «Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում շահագրգռվածության վերաբերյալ ամենահստակ հայտարարությունը» 2022 թվականի ապրիլից ի վեր։