Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան պատրաստ է վերադարձնել Ղրիմը ինչպես մարտադաշտում, այնպես էլ ոչ ռազմական ճանապարհով. Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է վերադարձնել Ղրիմը ինչպես մարտադաշտում, այնպես էլ ոչ ռազմական ճանապարհով. Զելենսկի
Աշխարհ
13:45, 25 ноябрь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են վերադարձնել իրենց բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը։

«Մենք պետք է վերադարձնենք բոլոր հողերը, քանի որ ես կարծում եմ՝ մարտադաշտն այն ճանապարհն է, երբ չկա դիվանագիտություն։ Եթե դուք չեք կարողանում ամբողջովին վերադարձնել ձեր հողերը, ուրեմն պատերազմն ուղղակի սառեցված է: Դրա վերսկսումը ժամանակի հարց է»,- ասել է Զելենսկին հարցազրույցի ժամանակ, որը կայացել է Կիևում նախագահի գրասենյակում։  

Financial Times-ը նշում է, որ Կիևի որոշ արևմտյան գործընկերներ անհանգստացած են, որ Ուկրաինայի ցանկացած փորձ՝ վերադարձնելու Ղրիմը, որը բռնակցվել էր Ռուսաստանին 2014 թվականին, կհանգեցնի Մոսկվայի կողմից էսկալացիայի, այդ թվում, հնարավոր է, միջուկային զենքի կիրառմամբ:

Հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Ղրիմի ճակատագիրը անհանգստացնում է միջազգային հանրությանը։

«Ես հասկանում եմ, որ բոլորը շփոթված են իրավիճակից և այն բանից, թե ինչ է լինելու Ղրիմի հետ։ Եթե ինչ-որ մեկը պատրաստ է մեզ առաջարկել միջոց, որով Ղրիմը օկուպացիայից դուրս կբերվի ոչ ռազմական ճանապարհով, ես միայն կողմ կլինեմ։

Եթե որոշումը (չի ենթադրում) ապաօկուպացիա, և(Ղրիմը) կլինի Ռուսաստանի Դաշնության կազմում, ապա ոչ ոք չպետք է իր ժամանակը վատնի դրա վրա։ Դա ժամանակի զուր վատնում է»,- ասել է Զելենսկին:

Հարցազրույցում Զելենսկին Ուկրաինայի արևմտյան գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ միջոցներ տրամադրել՝ ծայրահեղ կարևորության ենթակառուցվածքները պաշտպանելու համար, ինչպես նաև դիզելային վառելիք՝ վթարային գեներատորների համար, և լրացուցիչ գազ՝ էլեկտրաէներգիայի պակասը լրացնելու համար: