Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասին

Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասին
Միջազգային
11:26, 05 май 2023
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հինգշաբթի օրն ամփոփելով Արլինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցությունները:

«Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում», - ասել է Բլինքենը: - «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված մնացող հարցերի վերաբերյալ»:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ նաև ելույթ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած փակման լիագումար նիստին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնի արվարձանում անցկացված բանակցություններում «երկու կողմերը ի շարք շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:

«Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների կառուցած հիմքը ցույց են տալիս, որ [խաղաղության] համաձայնագիրը իսկապես հասանելի է մեզ: [...] Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան», - նշել է Բլինքենը:

Պետքարտուղարի համոզմամբ՝ խաղաղության համաձայնության ձեռքբերումը «ոչ միայն պատմական իրադարձություն կլինի, այլ նաև կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և շատ դրական հետևանքներ կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»:

Մայիսի 1-4-ը Արլինգթոնում անցկացված բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները միասնական հայտարարությամբ հանդես եկան, համաձայն որի՝ կողմերն «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», բայց «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»:

Աղբյուր՝ azatutyun.am