Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր ուզում են այսօր Ադրբեջանին «միջանցքից դուրս թողնել»՝ նրանց ցանկությունը չի իրականանա. Ալիևը արձագանքել է Թուրքիայի նախագահի ընդդիմության թեկնածուին

Ովքեր ուզում են այսօր Ադրբեջանին «միջանցքից դուրս թողնել»՝  նրանց ցանկությունը չի իրականանա. Ալիևը արձագանքել է Թուրքիայի նախագահի ընդդիմության թեկնածուին
Միջազգային
11:59, 10 май 2023
Նրանց ցանկությունը, ովքեր ուզում են այսօր Ադրբեջանին «միջին միջանցքից» դուրս թողնել, չի իրականանա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի տրանսպորտային կենտրոններից մեկի։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ է Ադրբեջանում անցկացվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ շատ խոշոր և ներկայացուցչական միջազգային կոնֆերանս»,- ասել է Ալիևը չորեքշաբթի օրը ժողովրդին հղված ուղերձում: Նրա խոսքով՝ հենց այդ տարիներին է դրվել նախագծի հիմքը, որն այսօր կոչվում է «միջին միջանցք»՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա։ 

«Այսինքն ՝ այդ միջանցքի անցումն Ադրբեջանի տարածքով պայմանավորված է եղել այդ տարիներին։ Չնայած ոմանք դա չէին ուզում: Ցավոք, այսօր էլ կան մարդիկ, ովքեր փորձում են Ադրբեջանին դուրս թողնել այս ռազմավարական նախագծից, բայց նրանց ցանկությունները չեն իրականանում»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն օրեր առաջ ցուցադրել էր Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չկա, և ճանապարհը անցնում է Իրանով։ Տեսանյութը աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում, որը փաստացի դուրս կմնա այս նախագծից, եթե Քըլըչդարօղլուն ընտրվի նախագահ։