Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը հաստատեց ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության հարցերով համագործակցության մասին համաձայնագիրը

ՀՀ կառավարությունը հաստատեց ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության հարցերով համագործակցության մասին համաձայնագիրը
Միջազգային
16:23, 01 июнь 2023
Հավանություն է տրվել 2023 թ. մարտի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Նոր hամաձայնագրով ընդլայնվում է համագործակցությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջուկային ու ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով։ Այն կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ Համաձայնագրով ստացված գիտատեխնիկական աջակցությունը կնպաստի ֆիզիկական պաշտպանության, միջուկային զենքի չտարածման երաշխիքների իրականացման, ռադիոակտիվ նյութերի և թափոնների անվտանգության, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, անվտանգությունը կարգավորող փաստաթղթերի մշակման համար։

Հավանության է արժանացել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հարկադիր վտարման ենթակա անձանց` վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Այն նախատեսվում է հարկադիր վերադարձի ենթակա անձի նույնականացման և քաղաքացիությունը պարզելու հարցումն ուղարկել ծագման պետության ներկայացուցչություն՝ վերադարձի վկայականների ձևակերպման նպատակով։ Ներկայացուցչությունն էլ հարցման ստացումից 30 օրվա ընթացքում իրականացնելու է անձի քաղաքացիության պարզումը։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը անձանց քաղաքացիության և ինքնության հարցերը պարզելու գործառույթներն իրականացնում է հետընդունման համաձայնագրերի շրջանակում։ Միջազգային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա, մասնավորապես՝ համատեղ և համակարգված քայլեր իրականացնել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում անկանոն կարգավիճակում գտնվող անձանց նույնականացնելու և քաղաքացիությունը պարզելու ուղղությամբ, փոխգործակցություն հաստատել կողմերի միջև հարկադիր վերադարձի ենթակա անձանց վերադարձի վկայականների ձևակերպման հարցերում, զարգացնել արդյունավետ համագործակցություն միգրացիայի ոլորտում: