Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնում որոշակի իմաստով կծավալվի «բրիտանա-ֆրանսիական» «հավերժական» դիմակայության մի դրվագ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ․ քաղաքագետ

Վաշինգտոնում  որոշակի իմաստով կծավալվի  «բրիտանա-ֆրանսիական» «հավերժական» դիմակայության մի դրվագ՝  Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ․ քաղաքագետ
Միջազգային
18:14, 22 июнь 2023
Վաշինգտոնում, ըստ ամենայնի, սպասվում է բավականին բարդ հանդիպում, ինչի վկայությունը դրանից առաջ Ադրբեջանի եւ Բրիտանիայի արտգործնախարարների թվիթերյան գրառումներով «փոխանակումն» է՝ Լոնդոնում նրանց հանդիպման առիթով, որ տեղի էր ունեցել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման թեմայով կոնֆերանսի շրջանակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Պետք է ուշադրության արժանացնել գրառումների ձեւակերպումներին: Նախ, Բայրամովը գրում է, իբրեւ թե հավատարիմ են ռեգիոնի խաղաղությանը՝ «չնայած Հայաստանի ստեղծած մարտահրավերներին»: Պատասխան գրառում է անում Բրիտանիայի արտգործնախարարը, խոսելով այն մասին, թե աջակցում են ռեգիոնի բարգավաճմանն ու խաղաղությանը, եւ որ՝ «Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագիրը հասանելիության սահմանում» է:

Ադրբեջանը Լոնդոնի հանդիպումով «գցել» է Վաշինգտոնում սպասվող բանակցությանը կոշտ դիրքորոշումների «հիմքերը», կամ առավել ամրացրել դրանք:

Երեւանի դիմադրունակության քայլն այդ առումով կատարվեց զուգահեռ՝ պաշտպանության նախարարի Փարիզ կատարած այցով, որ տեղի ունեցավ Ֆրանսիայի հրավերով: 

Վաշինգտոնում ըստ ամենայնի կծավալվի որոշակի իմաստով «բրիտանա-ֆրանսիական» «հավերժական» դիմակայության մի դրվագ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ:

Ամբողջ հարց այն է, որ ԱՄՆ նոր Ատլանտյան խարտիայի «զուգընկերը» Բրիտանիան է: Հայաստանին ըստ ամենայնի անհրաժեշտ է բալանսի խնդիրների առավել առարկայական լուծումներ փնտրել այսպես ասած ռեգիոնին ավելի մոտ: Դրանք կարող են լինել նվազ պսպղուն, բայց ավելի գործնական, հաշվի առնելով եւ այն, որ Ֆրանսիան ինքն այսօր ակնհայտորեն «պատեպատ» ռեժիմում փնտրում է իր տեղը որեւէ խաղային սխեմայում եւ անգամ թակում ԲՐԻԿՍ Վեհաժողովի դուռը:

Փարիզն անշուշտ մնում է մեզ համար շատ թանկ ու կարեւոր բարեկամ-գործընկեր», - գրել է Բադալյանը։