Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ. Բորել

Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ. Բորել
Միջազգային
10:29, 27 июль 2023
Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք, հայտարարում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում Բորելը շեշտում է, որ «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով»:

«Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է մնում ավելի քան յոթ ամիս՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանին», - ասված է հայտարարությունում:
«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ շարունակելով.

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։

Բորելը նաև նշում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է, և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ հիվանդների տեղափոխումն ու մարդասիրական մատակարարումները: Մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից, շեշտում է Բրյուսելը: