Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես գտնում եմ, որ Հռոմի ստատուտը պետք է վավերացվի․ հարցադրումները, որ ունեցել ենք ՌԴ-ին՝ շարունակում են ակտուալ մնալ․ Սարգիս Խանդանյան

«Հարցադրումները, որ ունեցել ենք ՌԴ-ին՝ շարունակում են ակտուալ մնալ», - այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Խանդանյանը չի գտնում, որ վիրավորանքները երկկողմանի են հնչում։ «Կարծում եմ, էն մարդիկ, որոնք պատասխանատու են դիվանագիտական աշխատանքի համար պետք է պատշաճ դիվանագիտական լեքսիկոն օգտագործեն իրենց գործունեությունն իրականացնելիս, որը չեն կարողացել անել», - ասաց Խանդանյանը։

ՀԱՊԿ-ից Հայաստանի ներկայացուցչին հետ կանչելուն անդրադառնալով, Խանդանյանն ասաց, որ այդտեղ տեխնիկական ընթացակարգեր կան՝ միաժամանակ նշեց, որ տեղյակ չէ, թե կա՞ նոր թեկնածու, թե՞ ոչ։

Հռոմի ստատուտը վավերացնելու մասին Խանդանյանն ասաց, որ քննարկումներ կունենան խմբակցության մակարդակում՝ նաև հանձնաժողովում պետք է հարցը քննարկվի․ «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ես գտնում եմ, որ այո՛ Հռոմի ստատուտը պետք է վավերացվի»։ 

Խանդանյանը նշեց նաև, որ ԱԺ ուղարկված ստատուտը վերապահումներ չի պարունակում։ 

ԱՄՆ-ի հետ զորավարժությունների անցկացումն, ըստ Խանդանյանի, Հայաստանի սուվերեն որոշումն է, իսկ զորավարժությունը միջազգային խաղաղապահ ծառայություններում հայ-ամերիկյան փոխգործակցությանը բարելավելուն ուղղված զորավարժություններ են։
  
Ինչու՞ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից՝ հարցին ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ հարցի պատասխանը բազմիցս տրվել է՝ ՀԱՊԿ-ն է, որ «ձեռքերը լվացել է» Հայաստանից ու դուրս եկել ՀՀ-ից։ «Ինչ մնում է տեխնիկական կողմին՝ կարծում եմ հավելյալ քննարկման առարկա է և ժամանակի, պահի և հետևանքների շուրջ պետք է համալիր քննարկում լինի», - ասաց Խանդանյանը։ 

Խոսելով ՀԱՊԿ-ին այլընտրանքների մասին հանձնաժողովի նախագահն ասաց, որ Հայաստանի անվտանգության ապահովման համար ամենակարևորը մեր Զինված ուժերի, բանակի մարտունակության բարձրացումն է և բարեփոխումների շարունակումը։ Խանդանյանը նաև նշեց, որ Հայաստանը բաց է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցել այլ գործընկերների հետ։ 

ՀԱՊԿ-ին հնարավոր փոխարինողներին անդրադառնալով Խանդանյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը անգործություն է դրսևորում և քննարկումներ կան ավելի գործուն մեխանիզմներ գտնելու շուրջ։

ՆԱՏՕ մտնելու հետ կապված քննարկումները Խանդանյանը ռոմանտիզացված համարեց։ «Տեսնում եք, որ երկրներ կան, որոնք չունեն հակամարտություններ և այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու, ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Հայաստանը երբչէ նման դիրքորոշում չի հայտնել, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի հետ կա համագործակցություն տարբեր բնագավառներում՝ հատկապես կրթական և այլ ոլորտներում», - ասաց Սարգիս Խանդանյանը։
 
Մանրամասն՝ տեսանյութում