Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա շատ կարևոր է բանակը խելքի բերելը․ ԱՄՆ հրամանատարությամբ զորավարժություններին մասնակցությունը մեր բանակին կտա հմտություններ ժամանակակից պատերազմների վերաբերյալ․ Ստեփան Գրիգորյան

Հիմա շատ կարևոր է բանակը խելքի բերելը․ ԱՄՆ հրամանատարությամբ զորավարժություններին մասնակցությունը մեր բանակին կտա հմտություններ ժամանակակից պատերազմների վերաբերյալ․ Ստեփան Գրիգորյան
Հարցազրույց
18:06, 07 апрель 2023
Civic.am-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը ընթացիկ տարում կմասնակցի ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 զորավարժությունների. ռազմական և քաղաքական առումով ի՞նչ կարող ենք ակնկալել այդ մասնակցությունից։  

- Երկու զորավարժություններից մեկը կապված է Կոսովոյի հետ։ Դուք գիտեք, որ մենք այսպես թե այնպես մասնակցում ենք դրանց, ես ինչքան հասկանում եմ՝ նկատի ունեն խաղաղապահների հետ կապված զորավարժությունները, եթե ճիշտ եմ հասկանում, վաղուց է Հայաստանը դրանց մասնակցում և պետք է շարունակի, պարզ է՝ դա օգտակար է մեզ համար։ Քաղաքական առումը մի կողմ թողնենք, հիմա շատ կարևոր է բանակը խելքի բերելը ոչ միայն զենք ձեռք բերելով, այլ նաև հմտությունները զարգացնելով, որպեսզի զինծառայողները ստանան ժամանակակից պատերազմների վերաբերյալ գիտելիքներ։ Միացյալ Նահանգների այդ զորավարժությունները մեզ անհրաժեշտ են և մեր զինվորներին կտան այն գիտելիքները, որոնց շնորհիվ նրանք կունենան պատկերացումներ և հմտություններ ժամանակակից պատերազմների հետ կապված։ Բանակը հաճախ ընկալում են այնպես, թե ուղղակի զենք է պետք, բայց հիմա ոչ միայն զենք է պետք, այլ նաև զինվորի հմտությունները, ճիշտ կողմնորոշումը պատերազմի ժամանակ։ Մենք պետք է մասնակցենք այդ զորավարժություններին՝ դա կլինի եվրոպական երկրների, թե ԱՄՆ-ի հետ։

- Իսկ մեր երկրում ռուսական ռազմական ներկայության պայմաններում հնարավո՞ր է ԱՄՆ-ի հետ ռազմական խորը համագործակցություն, օրինակ՝ զենքի գնում։ 

- Այս դեպքում պարզ է՝ կան սահմանափակումներ, նույնիսկ ոչ թե ռուսական ներկայությամբ պայմանավորված, այլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ մենք ունենք պայմանավորվածություններ, որ այլ երկրներից զենք չենք գնելու, գոնե այն զենքերը, որ ձեռք ենք բերել Ռուսաստանից։ Եվ հենց նաև դա է պատճառը, որ երկար ժամանակ է՝ քննարկվում է ՀԱՊԿ-ում մեր մնալ-չմնալու հարցը, բայց ռուսական բազայի այստեղ լինելը չի սահմանափակում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ համագործակցելու հնարավորությունը։ 

- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին, ասել է, որ «գնդակը Երևանի դաշտում է», որից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն և ինչ տարածքում պետք է այդ առաքելությունը իրականացնի։

- Քանի որ ՀԱՊԿ-ը չի ֆիքսում իր պատասխանատվության գոտին Հայաստանում՝ ՀՀ-ն ճիշտ չի համարում ընդունել այստեղ ՀԱՊԿ խաղաղապահներին. եթե մեր սահմանները չեն ճանաչում՝ ինչո՞ւ պետք է գան տեղակայվեն։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումը ողջունելի է, և դա միանշանակ ճիշտ է. ես չեմ կարծում, թե մերոնք ուզում են, որ այստեղ հայտնվեն ՀԱՊԿ-ի խաղաղապահներ։ Գիտեք, որ մի քանի սահմանային հատվածներից Ռուսաստանը դուրս բերեց իր զորքերին, և ադրբեջանցիները մտան այդ տարածք, հիմա իրենք ուզում են խաղաղապահներին բերեն դնեն մեր սահմանին, որ թույլ տան ադրբեջանցիներին խորանալ Հայաստանի տարածք։ Ուրեմն վտանգը ոչ միայն այն է, որ կգան ու ոչինչ չեն անի, այլ նրանք գալիս են, որ հետո թույլ տան ադրբեջանցիներին ավելի սահուն մտնել Հայաստանի տարածք։

- Իսկ որքանո՞վ է հնարավոր Ռուսաստանի թույլտվությամբ հայ-ադրբեջանական նոր էսկալացիան։

- Ադրբեջանը եթե մեծ գործողություններ ծավալի մեր դեմ՝ միանշանակ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն, և փորձում են ավելի սահուն առաջանալ մեր տարածք, ինչպես տեսանք Տեղ գյուղում։ Ինձ համար կարևոր է, թե ինչ է Ռուսաստանը անում, ու ես չեմ տեսնում, որ ՌԴ-ն մեզ աջակցի։ Ադրբեջանին այս պահին զսպում են Եվրամիության դիտորդները և այն, որ Արևմուտքը բացասաբար կարձագանքի։ Բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը սողացող ագրեսիա է իրականացնում և մտնում է մեր տարածք, բայց տարբեր առիթներով, սահմանների ճշգրտման անվան տակ, ինչպես մի քանի օր առաջ տեղի ունեցավ Լաչինում՝ նրանք սողում ենք ՀՀ ինքնիշխան տարածք։

Գեղամ Ադյան