Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն ցանկանում է դելիմիտացիայի հարցը տեղափոխել մոսկովյան հարթակ, որպեսզի հայկական տարածքների ամեն մի կիլոմետրը կարողանա Ադրբեջանի վրա թանկ վաճառել

ՌԴ-ն ցանկանում է դելիմիտացիայի հարցը տեղափոխել մոսկովյան հարթակ, որպեսզի հայկական տարածքների ամեն մի կիլոմետրը կարողանա Ադրբեջանի վրա թանկ վաճառել
Հարցազրույց
19:20, 04 август 2023
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու մասին Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։

- Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Զախարովան ասել է. «Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»։ Ի՞նչ է Ռուսաստանը ակնկալում Հայաստանից զիջելու համար։

- Գաղտնիք չէ, թե ինչ են ուզում ռուսները և Կրեմլը։ Ադրբեջանի կողմից շրջափակումը ու հարձակումները Հայաստանի վրա ընդամենը պրոքսի գործողություններ են, որ իրականացվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ համատեղ, որովհետև իրենց շահերը համընկնում են։ Իսկ պահանջը պարզ է. այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»՝ մեկ, բոլոր այդ բանակցային հարթակները տեղափոխել Կրեմլ՝ երկու, և այն, որ Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոնի մասնակցությամբ Բրատիսլավայում հանդիպել, դա նշանակում է, որ Ադրբեջանին շահավետ է դեպի ռուսական դաշտ տեղափոխվելը, մանավանդ, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանին լիովին համապատասխանում են ռուսական նարատիվները, մասնավորապես Արցախի կարգավիճակի փոխարեն հրամցնել ազգային փոքրամասնության ընդամենը կարգավիճակ, ինչպես  մնացած փոքրամասնություններն են, և ընդհանուր կարգով իրավունքների պաշտպանություն և այլն։ Նաև դելիմիտացիայի հարցը տեղափոխել մոսկովյան հարթակ, որպեսզի հայակական տարածքների ամեն մի քառակուսի կմ կարողանան Ադրբեջանի վրա թանկ վաճառել՝ ինչ-որ բաներ կորզելով Հայաստանից։ Այսինքն՝ Հայաստանի համար կործանարար տարբերակ է ռուսական միջնորդությունը, իսկ իրենց ուզածը դա է։

- Եթե ԼՂ իշխանությունը կողմ է ռուս խաղաղապահներին, ինչպես նաև ԼՂ իշխանականներից հնչում են հայտարարություններ, որով պահանջում են Հայաստանին դիմել ՄԱԿ, որպեսզի ՄԱԿ-ը ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տա, այս դեպքում ի՞նչ պետք է անի ՀՀ-ն։

- Դա հերթական ռուսական հարցերը լուծելու անխոհեմ քայլն է Արցախի իշխանությունների կողմից։ ՄԱԿ-ը երբևէ մանդատ չի տալու ռուս խաղաղապահներին այս կարգավիճակով։ Մենք առավելագույնը, ինչի հույս կարող ենք ունենալ, եթե միջազգային խաղաղապահները չեն փոխարինելու ռուս խաղաղապահներին, ապա գոնե միջազգային խաղաղապահները ռուս խաղաղապահների հետ միասին ՄԱԿ-ի կանոններով գործող խաղաղապահ գործառույթ իրականացնեն, բայց դա քիչ հավանական եմ համարում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և ՌԴ-ի «իզգոյացումը»։ Միակ տարբերակը, որ Արցախի համար ձեռնտու է, դա միջազգային խաղաղապահներով ռուս խաղաղապահներին փոխարինելն է։ Մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում Արցախի համար, այլ ընդհակառակը՝ համագործակցում են Ադրբեջանի հետ արցախահայությանը սովամահ անելու նպատակն իրականացնելու։

- Որոշ  քաղաքագետներ նշում են, որ ոչ մի երկիր և կազմակերպություն պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկել։ Եվ արդյոք դրա համար Ադրբեջանի համաձայնությունը հարկավոր չէ՞։ 

- Մենք խոսում ենք ՄԱԿ-ի խաղաղապահների մասին, և նման բան ասողները պատկերացում չունեն, թե ոնց է գործում ՄԱԿ-ը։ Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղապահներ տեղակայել որևէ վայրում, դա կարող է անել նաև իմպերատիվ որոշմամբ, այսինքն՝ Ադրբեջանի որոշումը  պարտադիր չէ, որ հաշվի առնի, ու նաև ՄԱԿ-ը ունի իր տրամադրության տակ համապատասխան ստորաբաժանումներ, զորքեր՝ տարբեր երկրներից կազմված, որոնք  համապատասխան գործողություններ իրականացնում են այս կամ այն տեղում։ Դեռ չի եղել նման դեպք, որ ՄԱԿ-ը որոշի որևէ տեղ խաղաղապահ զորքեր տեղակայել և հանկարծ պարզվի, որ ոչ մի երկիր պատրաստ չէ այնտեղ զորքեր ուղարկել։ Այդպիսի դեպք պատմության ընթացքում չի եղել։ 

- Պարոն Խուրշուդյան, Հայատանում քաղաքագիտական որոշ շրջանակներ նշում են, որ արդեն իսկ պետք էր դիմել ՄԱԿ-ին ԼՂ-ի և Լաչինի միջանցքի հետ կապված, իսկ մյուս մասն էլ ասում է, որ պետք է լավ նախապատրաստվել համապատասխան ապացույցներով, և վստահաբար իմանանք, որ գոնե ինչ-որ բանաձև կընդունվի, ապա դիմենք։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

- Անհապաղ դիմելու խնդիրը չեմ տեսնում, որովհետև եթե մի քանի օրվա տարբերությամբ կարելի է ավելի լավ արդյունքի հասնել, ապա կարելի է այդ մի քանի օրը սպասել, քան անհապաղ դիմել և տապալվել։ 

Դավիթ Լևոնյան