Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիտեն, որ իրենց դեմքով չեն կարող ոչինչ անել, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, բայց իրենք ոչ միայն այդ դաշինքի թեկնածուին են աջակցում, այլև ունեն քաղաքապետի ընտրություններում առաջ բերած այլ ուժեր․ Անի Խաչատրյան

Գիտեն, որ իրենց դեմքով չեն կարող ոչինչ անել, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը, բայց իրենք ոչ միայն այդ դաշինքի թեկնածուին են աջակցում, այլև ունեն քաղաքապետի ընտրություններում առաջ բերած այլ ուժեր․ Անի Խաչատրյան
Հարցազրույց
16:30, 08 сентябрь 2023
Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մեկ շաբաթ։ Մի շարք ուժեր շարունակում են նախընտրական քարոզարշավը օգտագործել  շահարկումների և մանիպուլյացիաների համար։  Այս ընտրությունները նաև տարբերվում են նրանով, որ դրանց անմիջական մասնակցություն չունեն նախկին նախագահներից և ոչ մեկը։ Այս հարցերի շուրջ Civic.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի հետ։

- Տիկին Խաչատրյան, տարբեր ուժեր շարունակում են ներկայացնել իրենց տեսլականները։ Ինչպե՞ս եք գնահատում այն ուժերին, որոնք Երևանի ընտրություններում շահարկում են Արցախի հարցը։

- Երևանի ընտրությունները, այո՛, քաղաքական են, բայց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու առհասարակ այդ հարցերը շահարկելը սեփական քվեի համար, մեղմ ասած, անբարոյականություն է։ Կարելի է Արցախի հարցը և ՀՀ մի շարք խնդիրներ կապել Երևանի ընտրությունների հետ, բայց դա չի նշանակում, որ այն պետք է դառնա քվեի ու պաշտոնի համար շահարկում։ 

- Խորհրդարանական ընդդիմությունը այս անգամ իր թեկնածուն չունի, փոխարենը իրենք  ուղիղ կամ անուղղակի ձևով սատարում են այլ դաշինքների։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իրենց թեկնածուին չեն առաջադրել։

- Նախկին իշխանությունները գիտակցում են, որ իրենց դեմքով իրենք վաղուց սպառվել են, և այս պահին դաշինքին աջակցելու մասին միայն մեկ ուժ է հայտնել: «Պատիվ ունեմ»-ը, եթե չեմ սխալվում, ոչինչ չի ասել։ Իրենք գիտեն, որ իրենց դեմքով չեն կարող ոչինչ անել, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանը։ Բայց իրենք ոչ միայն այդ դաշինքի թեկնածուին են աջակցում, այլև իրենք ունեն քաղաքապետի ընտրություններում առաջ բերած այլ ուժեր։

- Դուք ամենօրյա շփումների մեջ եք մարդկանց հետ։ Ըստ Ձեզ՝ մարդիկ հավատո՞ւմ են որոշ ուժերի կողմից հնչող անիրատեսական խոստումներին. մեկն առաջարկում է Երևանում ճոպանուղի, մյուսը առաջարկում է անվճար տրանսպորտ, և այսպես շարունակ։ 

- Մարդիկ ավելի գիտակից են դարձել և պոպուլիզմին հիմա չեն հավատում։ Երևի ժամանակին մարդիկ կլինեին, որ հումորով կվերաբերվեին այդ ամենին, բայց ներկայիս ՀՀ վիճակով պայմանավորված՝ այդ ամենը մարդկանց զայրացնում է։ 

- Ո՞ր ուժերի հետ եք բացառում կոալիցիա կազմել։

- «Հանրապետություն» կուսակցությունը միշտ բացառել և բացառում է մերձդաշնակցական և մերձքոչարյանական որևէ ուժի հետ կոալիցիան, նույնիսկ այն ուժերի հետ, որոնց հետևում Քոչարյանի կամ Դաշնակցության ականջները կարող են երևալ։ Մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ մենք բաց ենք ցանկացած տիպի քննարկման, որը կլինի ՀՀ-ի և Երևանի շահերից բխող։ Բայց հավելեմ՝ մենք վստահ ենք, որ գնում ենք այնպիսի քվե վերցնելու, որի դեպքում «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա կազմելու  կարիք չի ունենա։

Դավիթ Լևոնյան