Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շահրամանյանի հետողորմյան՝ Արցախը լուծարելու առթիվ, վերջինիս ագրեսիվ պահվածքը լրագրողների և քաղաքացիների նկատմամբ, ու աննախադեպ ծեծկռտուք Արցախի ներկայացուցչության դիմաց

Մի խումբ արցախցիներ այսօր հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջև՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։ 

Շահրամանյանը իջավ, փորձեց պատասխանել հավաքվածների հարցերին։ Առաջին հարցը Արցախի լուծարման վերաբերյալ էր։  Շահրամանյանը նշեց, որ ցանկացած փաստաթուղթ ունի թե՛ դրական, թե՛ բացական կողմեր։ 

Թե ինչ դրական կողմերի մասին է խոսքը, այնքան էլ պարզ չէ, և հարց է առաջանում՝ եթե ոչ մի փաստաթղթով հնարավոր չէ լուծարել Արցախը, ապա ինչի՞ մասին էր Արցախի տեղեկատվալան կենտրոնի տարածած հայտարարությունը, որով Սամվել Շահրամանյանի հրամանով հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարվելու է ու դադարելու գոյություն ունենալուց։

Հաջորդ հարցերին չպատասխանեց, պտտվեց ու հեռացավ։ Ինչից հետո քաղաքացիները ուժով, ճեղքելով ոստիկանական պատնեշը մտան շենք։ Շահրամանյանը ստիպված եղավ պատասխանել շենք մտած քաղաքացիների հարցերին դահլիճում՝ առանց լրագրողների ներկայության։ Նշենք, որ քաղաքացիների մի մասը չկարողացավ մուտք գործել շենք, նրանք ստիպված էին բակում սպասել։

Շուրջ մեկ ժամ տևեց Շահրամանյանի և արցախցիների հանդիպումը, ընթացքում որոշ քաղաքացիներ դուրս էին գալիս, նշելով՝ որևէ հարցի պատասխան այդպես էլ չեն ստացել։

Հաջորդ խնդիրը քաղաքացիների համար մարդկանց տեղավորելն է։

Ի վերջո հանդիպումն ավարտվեց, որից հետո Սամվել Շահրամանյանը իջավ բակ, ներկայացրեց հանդիպման արդյունքները։

Սամվել Շահրամանյանը խոստացավ առաջիկայում հանրային կերպով տալ քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները՝ հանրային հեռուստաընկեւոթյան եթերով։ Ապա, կրկին, պտտվեց ու հեռացավ՝ չպատասխանելով նաև լրագրողների հարցերին։

Այս, ըստ էության, չպատասխանները քաղաքացիներին չբավարարեց։

Շենքի բակում քաղաքացիները հանդիպեցին Արցախի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին, սկսվեց վիճաբանություն, որը վերածվեց ծեծկռտուքի։ Քաղաքացիները հարձակվեցին Կարեն Շահրամանյանի վրա, ծեծեցին վերջինիս, պատառոտեցին հագուստը, և միայն ոստիկանների միջամտության շնորհիվ հաջողվեց խուսափել ավելի ծանր իրավիճակից։

Ապա, արցախցիները հանդիպեցին Սամվել Շահրամանյանի մեքենային, սկսեցին հարվածներ հասցնել, կոտրել մեքենան։ Շահրամանյանը, սակայն, կարծես մեքենայում չէր։ Իրավիճակը հանդարտեցնելու համար ոստիկանությունը որոշ քաղաքացիների ստիպված եղավ բերման ենթարկել։

Քաղաքացիները, չնայած պաշտոյաները արդեն հեռացել էին շենքից, միևնույնն է չէին հեռանում Արցախի ներկայացուցչության շենքի առջից՝ պահանջում էին Արցախի նախկին և ներկա իշխանությունների ունեցվածքը բռնագանձել և տրամադրել արցախցիներին։

Ի դեպ, հատկանշական է Սամվել Շահրամանյանի ագրեսիվ և ամբարտավան վերաբերմունքն ու պահվածքը լրագրողների և քաղաքացիների նկատմամբ։

Կարծես նա չի հասկանում, որտեղ է գտնվում և ինչ ժամանակներ են։ Իրեն թուրք ասած քաղաքացուն սպառնում է գանգը կոտրել, դուռը նա և իր թիկնապահները փակում են լրագրողների առջև, ձեռքով հրում լրագրողների բարձրախոսները, ոստիկաններին ցուցումներ տալիս որոշ քաղաքացիների հեռացնել տարածքից և այլն։

Սամվել Շահրամանյանը ամեն կերպ խուսափում է լրագրողների հետ շփումից, չի պատասխանում հարցերին՝ եթե հնարավոր չէ որևէ փաստաթղթով լուծարել Արցախը, ապա ի՞նչ էր նշանակում Արցախի տեղեկատվական կենտրոնի հայտարարությունը, ինչու՞ ԼՂ զինված ուժերի տրամադրության տակ եղած ամբողջ զենքն ու զինամթերքը անվնաս հանձնվեց Ադրբեջանին, ի՞նչ քննարկվեց Եվլախում կայացած 3 հանդիպումների ընթացքում, և ի՞նչ շահեց Արցախը՝ հաշվի առնելով, որ անգամ նախկին նախագահներն ու նախկին պետնախարարը չկարողացան դուրս գալ Արցախից ու գերևարվեցին։ 

Հուսով ենք Սամվել Շահրամանյանը կվերանայի իր մոտեցումները լրագրողների հետ շփումներում և բացի հանրային հեռուստաընկերությունով հանդես գալուն նաև ասուլիս կկազմակերպի և կպատասխանի այդ և մի շարք այլ հարցերի։

Վովա Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում