Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ОРТ հեռուստաալիքով երեկ հեռարձակված հաղորդման հետ կապված ՀՌՀ-ն գրություն է պատրաստում և ուղարկելու է ԲՏԱ նախարարություն

Ռուսական ОРТ հեռուստաալիքով երեկ հեռարձակված հաղորդման հետ կապված ՀՌՀ-ն գրություն է պատրաստում և ուղարկելու է ԲՏԱ նախարարություն
Հասարակություն
13:32, 24 октябрь 2023
Ռուսական ОРТ հեռուստաընկերությամբ երեկ հեռարձակվել է «Նիկոլ Փաշինյան․ աղետի ավետաբերը» վերտառությամբ հաղորդում, որի թիրախում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին տիկին Աննա Հակոբյանը, մի շարք հայաստանյան գործիչներ, սակայն հաղորդումը իրականում հակահայաստանյան է։ Այն պատրաստվել է կեղծ թեզերի հիման վրա, որը հասարակության մոտ դժգոհությունների առիթ է դարձել, նաև՝ էլ ավելի գրգռել հակառուսական տրամադրությունները։

Այսօր Civic.am-ը դիմել է Հեռուսատատեսության և ռադիոյի հանձնաժողով` տեղեկանալու, թե նշված եթերի հեռարձակումից հետո արդյո՞ք ՀՌՀ-ն խախտումներ արձանագրել է։

ՀՌՀ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Հանձնաժողովը գրություն է  պատրաստում և կդիմի ԲՏԱ նախարարությանը։ Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում միջպետական պայմանագրի հիման վրա է այն հեռարձակվում, իսկ պայմանագիրը կնքել է ԲՏԱ նախարարությունը, փորձեք իրենցից բացատրությունը ստանալ, մենք չենք մեկնաբանելու։ Մենք ներկայացնելու ենք խնդիրը ԲՏԱ նախարարությանը»։

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կառավարության վերջին նիստի ժամանակ նշել էր, որ ռուսական հեռուսաալիքների եթերազրկման հետ կապված այժմ քննարկումներ են տեղի ունենում։ Հարցին, թե որքան կտևեն քննարկումները, նախարարը նշել էր, որ ժամկետ սահմանված չէ։

Դավիթ Լևոնյան