Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է. ՀԱՊԿ-ին դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ երեկվանից հասարակության շրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, ուռճացված թվերով զոհեր ունենալու և տարածքների կորուստների մասին տեղեկություններ են շրջանառվում, և խնդրեց, որպեսզի վարչապետը ներկայացնի իր ունեցած վերջին տեղեկությունները։

Ի պատասխան վարչապետն ասաց, որ ինքը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք և ասել էր, որ ցավոք այդ թիվը վերջնական չի և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։

«Ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, զոհերի ճշգրտված թիվը 105 է։  Եվ էլի ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ։ Ինչ վերաբերում է տարածքին, երբ որ մենք ասում ենք, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք նաև որոշակի տարածքի նկատմամբ վերահսկողություն է սահմանել և այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Շատ շահարկումներ կան, թե մենք որ հոդվածի հիման վրա ենք դիմել ՀԱՊԿ-ին։ Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածի հիման վրա, երբ որ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Մանրամասները՝ տեսանյութում։