Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լոբին էի մաքրում, որ հարայը ընկավ, որ տեր Հովհաննեսն իր բակում վիրավորվել է, իր երեք աշխատողները՝ սպանվել». Արցախից բռնի տեղահանված․ տեսանյութ․ iravaban.net

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահնված 83-ամյա Մարո Աբրահամյանն  Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց Արցախի շրջափակման 9 ամիսների մասին՝ նշելով, որ նման օրեր ոչ ոք չի տեսել։

«Այս հասակումս մեզ համար, դա շատ մեծ դժբախտություն էր»,-ասաց նա։

Տիկին Մարոն նշում է, որ իր համար մեծ դժբախտությունն այն է, որ իրենց տնից դուրս է եկել։

«Վախենում էինք, որ պայթյուններ կլինի, մեզ վրա կընկնի։ Թաքնվել էինք մի տեղ, մեզ հետ էլ երեք փոքր երեխա։ Լաց էինք լինում։ Մեկ էլ այնպես տրաքեց․․․թե ի՞նչ եղավ մեր տունը մեր աչքի առաջ․․․Առավոտն էլ զգուշացրեցին, թե փախեք, փախեք, փախեք։ Բեռնատար ավտոմեքենաներով հասել ենք Ստեփանակերտ»,-ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց ասել են, որ թուրքերը եկել են և իրենցից 2-3 կմ են հեռու։

«Շատ մեծ հարստություն ենք թողել։ Մեծ ֆերմա ենք ունեցել՝ 17 կով, հորթեր։ 120 հատ փեթակ ենք թողել։ 3 մեքենա։ Մեզ ամառանոց ունեինք։ Ո՞նց բացատրեմ, չեմ կարողանում ասել»,-նշեց նա։

Տիկին Մարոն պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դրսում լոբի մաքրելիս է եղել, երբ թշնամին սկսել է հերթական ագրեսիան։

«Լոբին էի մաքրում, որ հարայը ընկավ, որ տեր Հովհաննեսն իր բակում վիրավորվել է, իր երեք աշխատողները՝ սպանվել։ Որ արկն ընկել է, այդ ալիքը հասել է մեր տանը, լուսամուտները կոտրվել են»,-պատմեց նա։

Տիկին Մարոյի ընտանիքը երկու իր ճանապարհ է եկել, պարբերաբար կանգնեցրել ու ստուգել են իրենց։

Նա նաև խոսեց Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման մասին, շեշտելով, որ հնարավոր չէ Արցախ վերադառնալ։