Քաղաքացիակենտրոն
լրատվություն

50 իսրայելցի պատանդ՝ 150 պաղեստինցի բանտարկյալի դիմաց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ժամանակավոր հրադադար հաստատել

50 իսրայելցի պատանդ՝ 150 պաղեստինցի բանտարկյալի դիմաց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են ժամանակավոր հրադադար հաստատել
Հասարակություն
11:13, 22 ноябрь 2023
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ՀԱՄԱՍ խմբավորման հետ պայմանավորվածությանը, որը նախատեսում է գերեվարված պատանդների մի մասի ազատ արձակում պաղեստինցի բանտարկյալների դիմաց և ժամանակավոր զինադադար, հայտնում է «Հաարեց»-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։

Համաձայնագիրը նախատեսում է, որ ՀԱՄԱՍ-ը չորս օրվա ընթացքում ազատ կարձակի 50 կանանց ու երեխաների։ Այդ ընթացքում Գազայի հատվածում ռազմական գործողություններ չեն լինի: Իսրայելը ի պատասխան՝ իսրայելական բանտերից ազատ կարձակի 150 պաղեստինցի կանանց և դեռահասների։  

Հրադադարի ընթացքում Գազա կկարողանան մտնել հարյուրավոր բեռնատարներ մարդասիրական օգնությամբ, դեղորայքով և վառելիքով, մեջբերում է Reuters-ը ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը։ Նաև, ինչպես պնդում է պաղեստինյան խմբավորումը, Իսրայելը խոստացել է հրադադարի ընթացքում ձերբակալություններ չկատարել Գազայի հատվածի բոլոր մասերում։

Իր հերթին, Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է մեկ օրով երկարացնել ռազմական գործողությունների դադարը՝ յուրաքանչյուր 10 լրացուցիչ պատանդի ազատ արձակման դիմաց: 

Բանակցություններում որպես միջնորդներ հանդես են եկել Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Գազայի հատվածում հումանիտար դադար կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։