Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նայած ով կգրի պատմությունը՝ Պապ թագավորի մասին գրող ձեռքը, թե՝ մեկ ուրիշը․ Փաշինյանը՝ պատմության մեջ իր մնալու մասին

Լոս Անջելեսի US Armenia  ՀԸ-ի հեռուստամեկնաբան Ռաֆայել Մնացականյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այսօր ավելի քան 8 ժամ պատասխանում էր ՀՀ քաղաքացիների տեսահարցերին։
 
«Կասկած չկա, որ Դուք պատմական կերպար եք։ Ինչպե՞ս եք, ըստ Ձեզ, մնալու պատմության դասագրքերում, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի առաքելությունը պատմական այս ժամանակաշրջանում, ինչպե՞ս կցանկանաք, որ Ձեզ հիշեն պատմության դասագրքերում»,- հարցրեց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցը։

Ի պատասխան վարչապետ Փաշինյանը պատմական փոքրիկ էքսկուրս անցկացրեց, հիշեց հայոց Պապ թագավորին։

«Հարցը մի քիչ հակասություն ունի՝ ինչպես կցանկանայի ու ինչպես կերևակվեմ։ Դուք գիտեք, որ ցանկացած երկրի վարչապետ, իր երկրի համար պատմական որոշակի դեմք է։ Բայց ինչպիսին կմնամ պատմության մեջ՝ կախված է նրանից, թե ով կգրի իմ պատմությունը։ Ես իմ օրինակը չբերեմ, վերադառնանք մեր պատմություն։ Օրինակ՝ մեր ավանդական պատմագրության մեջ ամենանեգատիվ կերպարներից մեկը, սատանայական, ազգային արժեքներին և ավանդույթներին դեմ, համարյա Նեռի հետ գործակցող՝ դա Պապ թագավորն է։ Պապ թագավորի մասին գրող պատմիչի տեսակետից Պապ թագավորը անբարո, մեղսագործ մեկն է։ Իսկ երբ այդ մարդու գործերը կարդում ես՝ հենց էդ նույն պատմիչի շարադրանքի մեջ, ասում ես՝ բայց Պապ թագավորը մեր պատմության բացառիկ պետականամետ մարդկանցից մեկն է»,-  շարունակեց ներկայացնել Պապ թագավորի կենսագրությունը Փաշինյանը։

Վարչապետն այնուհետև անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին, աղերս անցկացրեց Պապ թագավորի սպանության հետ՝ նշելով, որ նմանատիպ Հոկտեմբերի 27 էլ այն ժամանակ է եղել ու Պապ թագավորի սպանությունը շրջադարձային է եղել Հայաստանի պատմության համար։

«Հիմա, նայած ով կգրի պատմությունը․․․ Եթե պատմությունը կգրի էն նույն ձեռքը, որը գրել է Պապ թագավորի մասին, պարզ է , որ ես պատմության մեջ կլինեմ հերթական Նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն․․․ Իսկ եթե այդ պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը և արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, որն ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն։ Ստացվեց, թե չստացվեց՝ դա էլ պատմությունը ցույց կտա»,- եզրափակեց իր խոսքը վարչապետը։