Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում ենք գտնվում. մեր պատմական առաքելությունն է մեր նավակը հասցնել խաղաղ հանգրվանի. Նիկոլ Փաշինյան

«Մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք»,- այսօր՝ մարտի 24-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մարտի առաջին 20 օրվա տվյալներով, ՀԴՄ-ներով արձանագրված գործարքների թիվը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է շուրջ 510 հազար հատով, իսկ դրամաշրջանառությունն աճել է ավելի քան 60 մլրդ դրամով, որը 120 մլն դոլարից ավելի շատ է. «Սա դրական ազդակ է այն բանի, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչը բավականին լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»: 

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ փետրվարի համար աշխատատեղերի բացարձակ ռեկորդ ունենք՝ 646.77, որը 2021-ի համեմատ ավելի է 10.3 տոկոսով:

«Մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, որի վրա հայոց պետականությունը գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ, մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի աշխարհաքաղաքական փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Ես համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: