Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն մոտ 20 օր է` Ջերմուկի բոլոր առողջարաններն ամրագրված են Ամանորի հետ կապված․ քաղաքի ճոպանուղին պատրաստ կլինի հունվարի վերջին․ Վահագն Արսենյան

Հունվարի վերջին Ջերմուկի ճոպանուղին ամբողջությամբ պատրաստ կլինի, սպասում են, որ  նոր ճոպանները տեղ հասնեն։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վնասվել էր Ջերմուկի ճոպանուղին։

Ու թեև որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ պարբերաբար անտեղի մտահոգություն են հայտնում, թե նախորդ տարվա դեպքերից հետո Ջերմուկի տնտեսվարողների համար խնդիրներ են առաջացել, որոշակի վախ դեռ մնացել է, Ջերմուկի համայնքապետն ամբողջությամբ հերքեց դա։

«Սեպտեմբերի 13-ի դեպքերից հետո մի անգամ կրակոց չի եղել, և կխնդրեմ՝ ոչ ոք Ջերմուկի անունից չխոսի, Ջերմուկի բնակիչներից բացի։ Ասեմ նաև, որ  արդեն մոտ քսան օր է, որ տեղ չկա, բոլոր առողջարաններն արդեն զբաղված են Ամանորի հետ կապված։

Ամրագրողները ՌԴ-ից են, բայց մեծ մասը ՀՀ-ից են»,- ասաց Ջերմուկի համայնքապետը։ 

Վահագն Արսենյանը նաև նշեց, որ պատրաստվում են Ամանորին,  և Ջերմուկում երկու տոնածառ են դնելու, այս պահին արդեն քաղաքն ամբողջությամբ լուսավորված է, ինչպես նաև ժայռերի վրա են լույսեր դրել։

Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, Ջերմուկում ևս Սուրբծննդյան տոնավաճառ կլինի, այն կգործի եկեղեցու մոտ, իսկ մոտակայքում փայտից նոր շուկա են կառուցելու, որտեղ վաճառվելու են Ջերմուկի բույսեր, այդ շուկան ևս կզարդարվի։

«Ձախափնյակ թաղամասում  ունենք նորակառույց այգի, որը սուբվենցիոն ծրագրով ենք կառուցել, այնտեղ շատ սիրուն զարդարանքներ են լինելու, մյուսն էլ Վազգեն Սարգսյանի անվան նորակառույց այգին է, որն էլի սուբվենցիոն ծրագրով ենք կառուցել. այնտեղ ևս զարդարվելու է»,- ասաց Վահագն Արսենյանը։ 

Խոսելով նաև սուբվենցիոն ծրագրով Ջերմուկում կատարված և 2024-ին կատարվելիք աշխատանքների մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ ամբողջ Ջերմուկ քաղաքն ասֆալտապատվել է, փոխվել են մայթեզրերի քարերը, զրոյից հենապատով կառուցվել է, լուսավորվել է դեպի հայտնի եղնիկ տանող ճանապարհը, որը մինչ այդ գրեթե անանցանելի էր։ Գնդեվազ գյուղում սկսել են դեպի Գնդեվանք տանող ճեմուղու  կառուցումը, որը կունենա 2,5 մետր լայնություն, իսկ գարնանն արդեն կսկսեն վերանորոգել ջրվեժի ճանապարհը, որը նույնպես կլուսավորվի։

Բացի դրանից, Վահագն Արսենյանը նաև տեղեկացրեց, որ Ջերմուկում երկու նոր մասնավոր առողջարան է կառուցվում,  իսկ 2024-ին նույնպես նախատեսված են այլ հետաքրքիր ծրագրեր, որոնց մասին համայնքի ղեկավարը կհայտնի ավելի ուշ։

 «Սուբվենցիոն ծրագրով սուբվենցիոն մի քանի այգիներ ենք կառուցել, աստիճանավանդակներ ենք կառուցել, գերեզմանատան մոտ պատեր ենք դրել, որպեսզի փակվի։ Իսկ 2024-ին սուբվենցիոն ծրագրով նախատեսում ենք գերեզմաններ տանող ճանապարհի վերանորոգում, ունենք (ռատրակ) ձյուն ծեծող մեքենա, ունենք հանդիսությունների սրահ, որ պետք է կառուցվի Կեչուտ գյուղում»,- ասաց համայնքապետը։

Ի հավելումն նա նշեց, որ այս տարի շատ մեծ գործ են արել Գնդեվազ գյուղում, ոռոգման ջուր են քաշել սարից, որն արժեցել է 60 միլիոն դրամ, և այդ մասով դեռևս Խորհրդային Միության ժամանակներից գործ արված չէր։ 32 միլիոն դրամ էլ ծախսել են Գնդեվազում խմելու նոր ջրագծի կառուցման վրա։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան