Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ. խնդիրը մի օր պայթելու է. վարչապետ

Վարչապետն այսօրվա կառավարության նիստում անդրադարձավ նաև ճանապարհների վիճակին և ասաց, որ այն ճանապարհները, որ կառուցվել են, ասենք, 4 տարի առաջ, այն վիճակում չեն, որ պետք է լինեին. «Իհարկե, մեր ճանապարհներն ունեն լեգիտիմության կարկաչուն աղբյուր. դա մեր բեռնատարների գերբեռնվածությունն է, որում իրականություն իհարկե կա, բայց դա էլ է մեր լուծելիք խնդիրը: Երբ մեքենա եմ վարում և անցնում ճանապարհներով, աչքաչափով զգում եմ՝ ճանապարհը, որ կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ»:

Նրա խոսքով՝ ճանապարհների կառուցումից 3-6 ամիս անց ճանապարհների վրա փոսեր ու կարկատաններ են առաջանում. «Մենք այս ոլորտում միլիարդներ ենք դնում, բայց չենք ասում՝ եղբայր, այդ ձեր աշխատած միլիարդների քանի տոկոսն եք դնում սովորելու վրա: Որ ասենք՝ վեր կթռնեն, կասեն՝ ոնց, մենք ինչ սովորենք, 43 թվին մենք գիտեք ինչ ճամփեք ենք սարքել Ստալինգրադի մոտակայքում: Երբ անցնում ես ու տեսնում, որ էստեղ փոս է, էնտեղ կարկատան է, էդ խնդիրը մի օր պայթելու է, չի կարա չպայթի»: