Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչն է պատճառը, որ Ջրվեժից դեպի Գառնի գնացող ճանապարհը մի տարում շարքից դուրս է գալիս․ Վիգեն Խաչատրյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ուղղված հարցում ասաց, որ Ջրվեժի կենտրոնական ճանապարհը, որի շարունակությունը տանում է դեպի Գառնի երկրորդ ամիսն է ուղղակի խայտառակ վիճակում է, փոսեր, քայքայված ճանապարհ և ցանկացավ իմանալ, թե ինչու է վերանորոգումն այդքան երկար տևում։

«Ըստ էության, վերանորոգում էլ չկա երկու ամիս է, ես հիշում եմ, որ անցյալ տարի այդ ճանապարհը բավականաին լավ կառուցվեց ու քայքայվեց, ի՞նչն է պատճառը, որ ճանապարհը մի տարում շարքից դուրս է գալիս։ Խնդիրն այն չի, որ մանր-մունր փոսեր են, աներևակայելի քայքայված ճանապարհով հասկանալի չի, ինչո՞ւ է այդպես անհետևողականություն դրսևորվում այդ կարևոր ուղղության վրա»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։ 

Ի պատասխան Գնել Սանոսյանն ասաց, որ վարչական առումով խնդիրը Երևանի տիրույթում է և դրանից 300-400 մետր այն կողմ է սկսում նախարարության տիրույթը, բայց դա պատասխանատվության բեռը չի փոքրացնում։     

«Ես պարոն Ավինյանի հետ էլ խոսել եմ, համայնքապետի հետ էլ խոսել եմ, իրենք կարծես՝ այդտեղ որոշակի հիմնանորոգման տարբերակ են մտածում, դրա համար հիմա միջին նորոգման կամ փոսալցման աշխատանք չեն իրականացնում ու կարծում եմ՝ առաջիկայում արագ կանեն, իրենք էլ գիտեն, որ լուրջ խնդիր կա։ Իսկ դրանից, որ կամուրջը անցնում ենք դեպի Գառնի, մեր տիրույթում է, մենք որոշակի փոսալցման աշխատանքներ իրականացրել ենք, բայց նախագծման աշխատանք նաև ունենք, դեպի Գառնիի ուղղությամբ, մի մասը այս տարի, մի մասը հաջորդ տարի կիրականացնենք»,-ասաց Գնել Սանոսյանը։    

Մանրամասները՝ տեսանյութում