Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես այն սպան չեմ, որ զինվորին մենակ թողնեմ». Խծաբերդից և Հին թաղերից գերեվարվածների հրամանատարը չի ընդունում մեղադրանքը

«Ես այն սպան չեմ, որ զինվորին մենակ թողնեմ». Խծաբերդից և Հին թաղերից գերեվարվածների հրամանատարը չի ընդունում մեղադրանքը
Հասարակություն
15:16, 30 август 2021
«Մեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը, որը զարմանալիորեն չի գերեվարվել։ 

«Այն անձնակազմը, այն զինծառայողները, պահեստազորայիններից կազմված այն ստորաբաժանումը, որը պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել է մարտադաշտով և կատարել է վերադասի կողմից տրված խնդիրները՝ անվերապահորեն, բոլորն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- միևնույն ժամանակ նշել է Ղազարյանը։

Փոխգնդապետը պատմել է, որ դեկտեմբերի 9-ից սկսած Հին թաղերի և Խծաբերդի տարածքում հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարել, որի վերաբերյալ վերադաս հրամանատարությանը բջջային կապով տեղեկացրել է։ 

Դեկտեմբերի 11-ին տեղեկություն է ստացել, որ իրենցից ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունեցել են վիրավորներ, փորձել են վիրավորներին բուժօգնություն ցուցաբերել, սակայն տեղանքը բարձր էր, հնարավորություն չի եղել ավտոմեքենայով բարձրանալ, բարձրացել են ոտքով, իսկ դեկտեմբերի 11-ի հարձակումից հետո ձախ թևի անձնակազմը և իրենք իրենց ստորաբաժանման վերադաս հրամանատարության և ռուս խաղաղապահների կողմից Խծաբերդից տարհանվել են։

Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Արսեն Ղազարյանը մի քանի տասնյակ անձանց հետ գտնվել է Հին թաղեր-Խծաբերդ գյուղերի հատվածում, շուրջ 60 անձ գտնվել է ավելի բարձր դիրքերում, և կապի միջոցներ առկա չեն եղել։  

«Արսեն Ղազարյանին տրվել են ռադիոկապի մի քանի միջոցներ, որոնք այդտեղ իրենց հաճախականությամբ չեն գործել, իսկ իրենց մոտ առկա կապի միջոցները եղել են կարճալիք, և դրանցով հնարավորություն չի եղել կապն ապահովելու»,- ընդգծել է փաստաբան Հովհաննիսյանը։

Բացի դրանից, ըստ փաստաբանի, ադրբեջանցիների կողմից գյուղերի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, երբ տվյալ տարածքում հայկական օպերատորների կապն անջատվել է, և եթե մինչ այդ գոնե բջջային հեռախոսներով հնարավորություն է եղել կապ հաստատել ենթակա ստորաբաժանումների հետ, ապա դեպքի օրը՝ հարձակման և գյուղերի հանձնման օրը, բջջային կապ առկա չի եղել։

Հովհաննիսյանը հավելել է, որ Ղազարյանը և իր ենթակա անձնակազմը զինված են եղել միայն ինքնաձիգներով, և դեկտեմբերի 13-ին մի քանի տասնյակ՝ շուրջ 40 անձանց վրա հարձակում է գործել էլիտար «Յաշմա» զորախումբը։

Ինչ վերաբերում է Ղազարյանին առաջադրված մեղադրանքին, ապա փաստաբանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ։