Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանցիները գողանում են սահմանամերձ գյուղերի բնակիչների անասունները, բայց նրանք շարունակում են վճարել վարկերը». ՄԻՊ օգնական

«Ադրբեջանցիները գողանում են սահմանամերձ գյուղերի բնակիչների անասունները, բայց նրանք շարունակում են վճարել վարկերը». ՄԻՊ օգնական
Հասարակություն
15:57, 30 август 2021
Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած «Անհետ կորած անձանց միջազգային օր. 44-օրյա պատերազմում ունենք 243 անհետ կորած» թեմայով առցանց քննարկման  բանախոս, Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանը նշեց, որ նրանք սահմանամերձ համայնքներում մարդու իրավունքների մի շարք խախտումներ են գրանցել։ Նրա խոսքով՝ ՄԻՊ գրասենյակի դիրքորոշումն այն է, որ իրավական կարգավորումների բացակայությունը և  իրավական մեխանիզմների թերի լինելը որևէ կերպ չպետք է հանգեցնեն մարդու իրավունքների խախտումների։
 
«Մենք պարբերաբար այցեր ենք կատարում սահմանամերձ համայնքներ և արձանագրել ենք, որ, օրինակ, Սյունիքի մարզի Տեղ համայնքում բնակիչները նշում են, որ իրենց տարածքները, իրենց խոշոր եղջերավոր անասունները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Ադրբեջանցիները պարբերաբար գողանում են նրանց անասունները, բայց իրենք շարունակում են վարկերը վճարել։ Դեպք կար, որ 120 ոչխար էին գողացել, և գյուղացին դեռ շարունակում էր վարկեր վճարել, ու այսպիսի դեպքերը բազմաթիվ են»,- նշեց պարոն Եղոյանը։
 
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պաշտոնական դիրքորոշում էր հրապարակել, որ անհետ կորած և գերության մեջ գտնվող  զինծառայողների աշխատավարձերը պահպանվում են, ինչը, սակայն, չի իրականացվում։
 
«Չնայած դրան, մենք ստացանք մի շարք բողոքներ՝ անհետ կորածների և գերության մեջ գտնվողների ընտանիքներից, ովքեր հայտնում էին, որ ՊՆ-ն վարձատրությունը չի տրամադրում։ Մենք պաշտոնական պարզաբանումներ ենք պահանջել ՊՆ-ից։ Սա մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո գտնվող հարց է և սկզունքային է մեզ համար»,- նշեց պարոն Եղոյանը՝ շեշտելով, որ իրավական մեխանիզմների բացակայության խնդիր կա, ու դաշտը հստակ կարգավորված չէ։
 
Նա նաև նշեց, որ ԵԽԽՎ-ն դեռ 2006 թվականի բանաձևում կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին համագործակցել և փոխանակվել անհետ կորածների մասին տեղեկություններով։
 
«Հայաստանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներգրավմամբ, բազմիցս պատրաստակամություն է հայտնել համագործակցել  Ադրբեջանի հետ այս տեղեկությունների փոխանակման հարցում, սակայն մշտապես մի քանի անգամ Ադրբեջանը ուղղակի հրաժարվել է համագործակցելուց»,- նշեց Եղոյանը։
 
Ըստ նրա՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է բոլոր դրույթները՝ թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո և ներկայումս էլ, երբ առկա է գործող զինված հակամարտություն. «Ադրբեջանը պարտավոր է գերության մեջ գտնվող բոլոր մեր զինվորներին անմիջապես վերադարձնել։ Մենք ուղղակի չպետք է թույլ տանք փաստերի աղավաղված ներկայացում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Նրանք պարբերաբար փորձում են գործընթացը քաղաքականացնել։  Սա անթույլատրելի է, մենք պետք է դիտարկենք հարցը միայն մարդու իրավունքների տեսանկյունից։ Այս հարցում Ադրբեջանը վստահաբար խախտում է բոլոր միջազգային ու մարդասիրական նորմերը»։